Չնայած Հայաստանի կառավարության անդամներ հավաստիացումներին, որ Հայաստանն այս սեզոնին ձեռք է բերել հացահատիկի անհրաժեշտ պաշար ու դեֆիցիտ լինել չի կարող, արդյուհանդերձ հանրապետության խանութներում այս պահին նկատելի է ալյուրի, մակարոնեղենի դեֆիցիտ։ Առաջին անհրաժեշտության գրեթե բոլոր ապրանքները թանկացել են։
Սյունիքի մարզկենտրոն Կապանի խանութներից մեկում, օրինակ, շաքարավազը վաճառում են սահմանափակ քանակով՝ յուրաքանչյուրին 5 կիլոգրամ։ «Մակարոն, վերմիշել չկա։ Ու վաճառողներն էլ ասում են, որ սեփականատերերը կարգադրել են պարտքով չտան այլուրը, շաքարավազը, ձեթը»,-Marzer.am-ի հետ զրույցում ասում է տիկին Կարինեն։ Վերջինիս խոսքով, այն խանութից, որտեղից մշտապես գնումներ էր անում՝ պարտքով տալիս էին ապրանքները։ «Ամսվա վերջին աշխատավարձս ստանում՝ վճարում էի, իսկ հիմա չեն տալիս»,-ասում է նա
Մեղրիի խանութներում նույնպես ապրանքների դեֆիցիտ է։ Գորիսից Marzer.am-ի թղթակիցը տեղեկացնում է, որ Արցախում շաքարավազի մեկ կիլոգրամը դարձել է 800 դրամ, ուստի արցախցիները Գորիսի խանութներից են շաքարավազ գնում ու տանում։
Նույն վիճակն է հանրապետության այլ քաղաքներում։ Գյումրեցիների մոտ եւս նկատելի է խուճապային տրամադրություն։ Բնակիչները փորձում են ապահովագրել իրենց «սպասվելիք սովից», խանութներից տուն կրել ձավար, հաճար, ալյուր, մակարոնեղեն, որոնք արդեն իսկ դեֆիցիտ են դարձել։




