Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գնել Գասպարյանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ Գորիսի համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի եւ մյուսների գործով դատավճիռ կայացնելու։ Ինչպես տեղեկացրել է Առուշանյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը՝ ֆեյսբուկյան գրառմամբ, հրապարկման օրն ու ժամը դատարանը կտեղեկացնի լրացուցիչ
Հիշեցնենք, որ Առուշ Առուշանյանը մեղադրվում է 2021 թվականի հունիսի 20-ին կայացած Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում ընտրություններին մասնակցելու եւ «Հայաստան» դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար, ինչպես նաեւ երկու կամ ավելի ընտրողի կաշառք տալը, սակայն նրա կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցվել:
Բացի այդ, Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանի միջոցով կազմակերպել եւ սոցիալապես անապահով վիճակում գտնվող անձանց դրամական աջակցություն տալով՝ հարկադրել է քվերակել «Հայաստան» դաշինքի օգտին։
Լուսինե Ավետյանը դատարանում ցուցմունք տալու ժամանակ հայտարարել է, որ կեղծ ցուցմունք է տվել Առուշանյանի դեմ։ «Շատ անգամ Առուշանյանը նույն բնակիչներին օգնել է եւ դա դիտել ընտրակաշառք անընդունելի է, զղջում եմ, որ սուտ ցուցմունք եմ տվել Առուշանյանի դեմ»,- ասել էր Լուսինե Ավետյանը՝ հայտարարելով, որ գտնվելով «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում, հոգեբանորեն ճնշված է եղել ու նման ցուցմունք է տվել։
Մեղադրողը միջնորդել է դատարանին Առուշ Առաուշանյանին մեղավոր ճանաչել եւ դատապարտել 9 տարի 6 ամիս ժամկետով։ Լուսինե Ավետյանին նույնպես միջնորդել է մեղավոր ճանաչել, դատապարտել 5 տարվա ազատազրկման, բայց վերջինիս նկատմամբ պայամանականորեն պատիժը չկիրառել՝ սահմանելով փարձաշրջան։ Պաշտպանական կողմը միջնորդել է արդարացնել իրենց պաշտպանյալներին։
Դատաքննությունը տեւել է մոտ 9 ամիս։
Լուսանկարը՝« Առուշ Առուշանյանի աջակիցներ» ֆեյսբուկյան էջից




