
Բարձրագույն դատական խորհուրդն այսօր՝ ապրիլի 4-ին, քննում է Վարչական դատարանի դատավոր Դանիել Դանիելյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին ԱՆ-ի միջնորդությունը։
Վարչական դատարանի դատավոր Դանիել Դանիելյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել՝ կորոնավիրուսով հիվանդ՝ մեկուսացված վիճակում դատական ակտն անձամբ նիստերի դահլիճում չհրապարակելու համար։
Դատավորի ներկայացուցիչ Արթուր Ղամբարյանը այդ միջնորդության վերաբերյալ նշեց, որ դատական ակտը հրապարակելու միակ ձեւը դատական ակտը դատական նիստում ընթերցելը չէ, սահմանադրական իրավունքի տեսանկյունից կարեւոր է, որ դատական ակտը հասանելի լինի կողմերին։
Նշենք, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահի հաղորդման հիման վրա նշված գործը քննած՝ կոլեգիալ դատական կազմում որպես նախագահող դատավոր ընդգրկված դատավոր Դանիել Դանիելյանի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ այն պատճառաբանությամբ, որ նշված գործով վճիռը դատական նիստում հրապարակվել է ոչ թե նախագահող դատավոր Դանիել Դանիելյանի կողմից, այլ կոլեգիալ դատական կազմում ընդգրկված մեկ այլ դատավորի կողմից:
ԲԴԽ–ն հեռացավ խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու, այն կհրապարակվի ապրիլի 14-ին։




