Ապրիլի 8-ին, ժամը 14։56-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւանի «Ռոսիա մոլ» առեւտրի կենտրոնի տարածքում պայթուցիկ սարք է տեղադրված:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական եւ Հրդեհաշիջման եւ փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը: Փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ տարահանել են մոտ 1000 քաղաքացու: Ապրիլի 8-ին, ժամը 15։32-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երեւանի «Մեգամոլ» առեւտրի կենտրոնի տարածքում պայթուցիկ սարք է տեղադրված:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ եւ Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական խումբը: Փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացնում են տարահանման աշխատանքներ: Ավելի վաղ, ահազանգով Երեւանի Իսահակյան փողոցի «Մետրոնոմ» առեւտրի կենտրոն մեկնած փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ տարահանել են մոտ 500 քաղաքացու: Իրականացվում են տեղազննման աշխատանքներ:




