
«Ապագա Փրոջեքթս» ընկերությունը Հայաստանի ամենագեղեցիկ և ամենագողտրիկ անկյուներից մեկում` Ենոքավան համայնքում, շարունակում է զարգացման նոր նախագծեր մշակել, որոնցից նշանակալին Հայաստանի ամենաերկար զիփլայնի կառուցումն է: «Ապագա Փրոջեքթս» ընկերությանն են պատկանում «Ապագա ռեզորթ» հյուրանոցային համալիրը և «Յելլ Էքստրիմ պարկ» էքստրեմալ այգին` նախատեսված բոլոր տարիքային խմբերի համար: Այնտեղ հյուրերի առջեւ բացվում է Ենոքավանի գեղատեսիլ լանդշաֆտը, որտեղ կարելի է կտրվել առօրյա հոգսերից, ցանկության դեպքում կազմակերպել ակտիվ հանգիստը` թռչել զիփլայնով կամ ժայռամագցել, վայելել արտաճանապարհային երթևեկություն (off-road) , զբոսնել ձիով և օգտվել տասնյակ հետաքրքիր այլ ծառայություններից: «Արմենպրես»-ի հետ զրույցում ընկերության գլխավոր տնօրեն Տիգրան Չիբուխչյանը պատմում է, որ «Ապագա»-ն հիմնադրվել է 2003 թվականից Արտակ Չիբուխյանի կողմից: Այն ի սկզբանե համայնքի բնակիչներին օգնելու, աշխատատեղեր ստեղծելու, զբոսաշրջությունը խթանելու սոցիալական նախագիծ էր: 2006 թվականին կառուցվեցին առաջին քոթեջները, իսկ 2015 թվականին արդեն ստեղծվեց «Յելլ Էքստրիմ պարկ»-ը:


«Ենոքավանն իմ պապական գյուղն է, այդ իսկ պատճառով որոշեցիք այստեղ իրականացնել մեր գաղափարները, որոնք հնարավորություն կստեղծեն համայնքի զարգացման համար, որպեսզի գյուղացիների մոտ հույս ներշնչենք դեպի պայծառ ապագա»,- ասաց Չիբուխչյանը:
Տիգրանը ծնվել է Մոսկվայում, որոշ ժամանակ սովորել այնտեղ և այնուհետր վերադարձել Հայաստան, որտեղ միացել է հոր՝ Արտակ Չիբուխչյանի կողմից իրականացվող նախագծին և դրանք համալրել իր սեփական ստեղծարար գաղափարներով:

«Ենոքավանում մնալու, համայնքը զարգացնելու նպատակներին, որոնք ի սկզբանե դրել էինք, հասել ենք: 1991 թվականին գյուղում բնակվում էր 480 մարդ, հիմա` 630, և եթե 2013 թվականին Ենոքավանում եղել ենք միակ տուրիստական կետը, 2021 թվականի դրությամբ գյուղում արդեն մի քանի հյուրատներ և հետաքրքիր ժամանացային վայրեր են ստեղծվել: Զարգացել է նաև ժամանցային տուրիզմը. եթե 2015թ. նմանատիպ տուրիզմի ձևաչափով առաջարկում էր միայն Յելլ Էքստրիմ պարկը, ապա այժմ հասանելի են նաև կվադրացիկլով տուրերի առաջարկներ, գինու համտեսման փաթեթներ և այլն: Սկզբնական շրջանում նպատակ ենք ունեցել լուծել գյուղի սոցիալական խնդիրները, այլ ոչ թե հետապնդել ենք բացառապես բիզնես նպատակներ: Ինչպես գիտեք, զբոսաշրջային բիզնեսի տեսանկյունից նպատակահարմար չէ 12 ամիս ամբողջ աշխատակազմը պահել: Նույնը, օրինակ` Իտալիայում, Իսպանիայում մարդիկ աշխատում են սեզոնային` ապրիլից մինչև հոկտեմբեր, իսկ մեզ մոտ մարդիկ աշխատում են 2003 թվականից առ այսօր: Մենք արդեն մի մեծ ընտանիք ենք դարձել և վերջապես հասել ենք այն կետին, որ թե մենք, թե մեր աշխատակիցները, թե մեր հյուրերը զգում և հասկանում են «Ապագա»-ի կայունությունը և միասնությունը»,- նշեց Չիբուխչյանը: «Ապագա Փրոջեքթս» ընկերության տնօրենը ընդգծեց, որ կարողացել են ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ մարդիկ ջերմ շփվում են միմյանց հետ, ակտիվ ժամանակ անցկացնում և ավելի քիչ են վիրտուալ կյանքով ապրում:



«Հիմա ընկերությունն անցնում է շատ դժվար ուղի` ընտանեկան բիզնեսից վերաձևավորվում ենք որպես կորպորատիվ հիմունքներով աշխատող կազմակերպություն: Կարճ ասած, էմոցիոնալ որոշումները փոխարինվում են մաթեմատիկայի վրա հիմնված որոշումներով: Դա ունի իր դրական և բացասական կողմերը, բայց այդ վերաձևավորումն ամենակարևորը բերելու է երկարաժամկետ կայունության, այս համայնքի զարգացման և աշխատատեղերի ստեղծման: Պետք է տալ ավելի հստակ երաշխիք մեր աշխատակազմին, մեր գործընկերներին, մեր մատակարարներին: Մեզ համար դժվար քայլ էր, բայց անհրաժեշտ»,- ասաց Չիբուխչյանը:
«Յելլ Էքստրիմ պարկ»-ում այս տարի կառուցվում է մոտ 2,5 կմ երկարությամբ զիփլայն, իսկ «Ապագա ռեզորթ»-ում ընդլայնվում է հյուրանոցային ֆոնդը:
«Այս փուլում կենտրոնացած ենք ռեստորանային համալիրի և զիփլայնի կառուցման վրա: Մենք նաև արդիականացնում ենք տարածքի ենթակառուցվածքը: Այս փուլը ավարտելուց հետո ունենք հետագա զարգացման նոր նախագծեր: 2017 թվականից փորձում ենք կյանքի կոչել ամենաերկար` մոտ 2.5 կիլոմետր զիփլայնի նախագիծը և վերջապես (նաև ի շնորհիվ մեր գործընկեր ԱՆԻՖ-ի) «Յելլ Էքստրիմ պարկ»-ի ծննդյան օրվան ընդառաջ՝ այս տարվա հուլիսին, պետք է բացված լինի: Այն կլինի նոր և հետաքրքիր ծառայություն, որը մինչ օրս տարածաշրջանում չի եղել»,- ընդգծեց Չիբուխչյանը:


2019 թվականի դրությամբ «Յելլ Էքստրիմ պարկ»-ը ունեցել է 18 հազար 600 հաճախորդ, կորոնավիրուսի և պատերազմի հետևանքով հաճախորդների թիվը նվազել է: Չիբուխչյանը, սակայն, լավատեսորեն է տրամադրված և կարծում է, որ, չնայած դժվարություններին, պետք է շարունակել կյանքի կոչել գաղափարները:
«Այլընտրանք չկա. պետք է հասնենք մեր նպատակներին: Պետք է շարունակենք մեր աշխատանքը: Դժվար է, բայց մեր փոքր թիմով այն իրականացնում ենք»,- շեշտեց Չիբուխչյանը:
Ռուս-ուկրաինական հակամարտության սրացումը չնչին է անդրադարձել «Ապագա»-ի վրա: Չիբուխչյանի կարծիքով` Ռուսաստանից Հայաստան տեղափոխված քաղաքացիները դրականորեն կփոխեն երկրի առօրյան և կյանքը: «Այն էֆեկտները, որոնք մենք որպես երկիր կստանանք երկարաժամկետ կտրվածքով, շատ ավելի հետաքրքիր կլինեն, ու ես դա համեմատում եմ սիրիահայերի ներհոսքի հետ, որի արդյունքում ունեցանք երկրում ծառայության մատուցման ոլորտի մեծ աճ: Այս պահի դրությամբ ունենք Ռուսաստանից տեղափոխված տասնյակ հազարավոր քաղաքացիներ, որոնք ոչ միայն ազգությամբ հայեր են: Նրանք կրեատիվ և աշխատունակ դասի ներկայացուցիչներ են՝ ՏՏ, ծառայությունների ոլորտների մասնագետներ: Եթե այդ զանգվածից գոնե 15 տոկոսը մնա Հայաստանում, նույնօրինակ արդյունք կունենանք 3-5 տարվա կտրվածքով. շատ հետաքրքիր փոփոխություններ կլինեն մեր առօրյա կյանքում: Ես այս ամենին դրական եմ նայում»,- ասաց Չիբուխչյանը:


«Ապագա»-ում հետաքրքիր պատմություններ շատ են լինում, որոնցից ավանդականը ամուսնության առաջարկներն են: «Որպես ամենահուզիչ կարող եմ նշել այն, երբ մեր հյուրերից մեկը խնդրեց աջակցել իրեն ամուսնության առաջարկի կազմակերպման հարցում: Դա հուզիչ էր նաև ողջ թիմի համար»,- ասաց Չիբուխչյանը:
«Ապագա Փրոջեքթս» ընկերության տնօրենը զղջացել է միայն նրա համար, որ այն, ինչ իրագործել է 20 տարում, կարող էր անել ավելի կարճ ժամանակահատվածում, օրինակ` 8 տարում:
«Հայրիկս ինձ միշտ մոտիվացնում էր տեղափոխվել Հայաստան և մնալ այստեղ, նույնը ես եմ անում իմ երեխաների համար, որպեսզի նրանք ստեղծեն իրենց միջավայրը ու մնան Հայաստանում:
Այս նախագծում իմ կյանքն եմ ներդրել. դա դժվար է թվերով հաշվել: Այստեղ կա ներդրված կանխիկ գումար, կա ոչ հաշվելի էմոցիա, քրտնաջան աշխատանք, նյարդեր, առողջություն…
Շատ եմ ներդրում արել ու ավելի լավ է չհաշվել, քան փորձել խորանալ դրա մեջ: Բիզնեսը զարգանում է այնտեղ, որտեղ կա ենթակառուցվածք: Իսկ այստեղ մենք ամեն ինչ զրոյից ենք կառուցել»,- ընդգծեց Չիբուխչյանը:
«Ապագա Փրոջեքթս» ընկերության տնօրենի խոսքով` իրենց ընկերությունն ամեն ինչ անում է, որպեսզի հյուրերը իրենց լավ զգան ու մտածեն նորից Ենոքավան վերադառնալու մասին:
«Ի սկզբանե մեր նպատակն է եղել, որպեսզի մեր հյուրերը սիրահարվեն Ենոքավանին և ցանկանան նորից վերադառնալ մեզ մոտ»,- եզրափակեց Չիբուխչյանը:






