Եթե Հայաստանում կոնստրուկտիվ ընդդիմություն գոյություն ունենար և ոչ՝ հայրենափրկության կեղծ լոզունգով փաթեթավորված՝ քաղաքական ռևանշի ձգտող խմբավորում, ապա այս ստեղծված իրավիճակում պետք է, այո՛, իրացներ իր մեկ կրակոցի հնարավորությունը։ Սակայն այդ կրակոցի ուղերձը պետք է ուղղված լիներ ոչ թե Նիկոլ Փաշինյանին, ինչպես բերանից անկեղծորեն փստացրեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը, այլ համազգային համախմբմանը։ Կրակոց, համազարկ, որը կազդարարեր ներքաղաքական լիակատար կոնսենսուսի մասին, երբ մոռացվում են քաղաքական հակասություններն ու առճակատումները, բոլորի և բոլոր ժամանակներում գործած մեղքերն ու բացած վերքերն ու բռունցք է ցույց տրվում արտաքին սպառնալիքներին՝ գործողության մեջ դնելով ոչ թե պսևդո, այլ իրական հայրենափրկությունը։ Եթե հայրենիքը մեկն է, ապա այն պետք է փրկել ոչ թե հատվածական մոտեցմամբ, այլ միացյալ ուժերով ու մեկ ճակատով։
Խորհրդարանում Նիկոլ Փաշինյանի վերջին երկու ելույթները հայրենիքի փրկությանը զինվորագրվելու կոչ էին՝ ուղղված առաջին հերթին քաղաքական լսողունակ և ընկալունակ ուժերին, մինչդեռ այդ կոչը, ինչպես ցույց են տալիս դրան հաջորդած զարգացումները, բախվեց «չհասկացվածության պատին»։ ԱԱԾ նախկին տնօրեն, ՊՈՒ խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի և նրան միացածների հայտարարությունների «կոդերից» դատելով՝ նրանք, ինչպես միշտ, ճիշտ չեն հասկացել ՀՀ-ի առաջ իր ողջ «պերճանքով ու ողբերգությամբ» ծառացած խնդրի բովանդակությունը, հետևապես սխալ են պատկերացնում նաև խնդրի լուծումը, որը բնավ հանրային-քաղաքական անջատողականությունը չէ։ Անջատողականությունն այս դեպքում նշանակում է զինվորագրում ոչ թե հանուն ՀՀ-ի ու Արցախի, այլ ընդդեմ ՀՀ-ի և Արցախի, այսինքն՝ զինվորագրում հակառակորդի, թշնամու բանակին։
Այս համատեքստում նշենք, որ երբ ԱԺ-ն նոր էր սկսել իր աշխատանքները, իր պաշտոնաթողությունից հետո թերևս առաջին անգամ Արթուր Վանեցյանը կառուցողական ելույթ ունեցավ։ Արձագանքելով իշխող ուժի կողմից արված համագործակցության կոչին՝ նախ շեշտեց, թե իր ողջ կյանքում ծառայել և ծառայում է ՀՀ-ին, Արցախին և հայ ժողովրդին, ապա մասնավորապես հավելեց. «Որ ասում եք՝ համագործակցություն… որևէ մեկը կասկած ունի՞, որ եթե ՀՀ-ին ինչ-որ մի արտաքին սպառնալիք լինի, կամ պետք լինի մեր միասնական դիրքորոշումը ՀՀ ազգային, պետական շահն առաջ մղելու, մենք դեմ ենք լինելու կամ միասնական չենք գործելու։ Ո՛չ։ Հավատացեք, որ գործելու ենք միասնական և ցույց ենք տալու մեր բոլորիս միասնությունը»։

Ազատության հրապարակում երեկվանից նստացույց անող Վանեցյանը, եթե իրապես անկեղծ էր 2021-ի օգոստոսին հնչեցրած իր ելույթում, ապա պետք է հասկանա, որ ՀՀ-ն այսօր մեր բոլորի միասնականությունն ընդգծելու հրամայականի առաջ է կանգնած, որը պահանջում է ներդաշնակեցնել խաղաղության օրակարգը մեր ազգային, պետական շահերին և այն միասնաբար առաջ մղել։ Եթե Վանեցյանն իսկապես ծառայել և ծառայում է ՀՀ-ին, Արցախին և հայ ժողովրդին, այլ ոչ թե դրսի շահագրգիռ կենտրոններին ու «5-րդ շարասյան» թելադրած օրակարգին, ապա նրա և նրան սատարող քաղաքական ուժերի ծառայության վայրը պետք է լինի խորհրդարանը, ոչ թե Ազատության հրապարակում տեղակայված վրանը։
Հրապարակներում ցույցեր, նստացույցեր, հեծանվային կամ չմուշկասահքի մրցույթներ կազմակերպելու էջը պետք է փակված համարել 2021-ի արտահերթ ընտրությունների արդյունքներից ելնելով։ Եթե այս պարզագույն ճշմարտությունները հետասյու էլ անհասու են հայրենիքին երբևէ ծառայած որևէ անձի, ապա դա կարող է վկայել մեկ բանի մասին՝ այդ անձը կողմ է, որ Հայաստանը չլինի այնպիսին, ինչպիսին լինելը փաստագրեց Նիկոլ Փաշինյանը, շարունակի լինել իր ճակատագրի մասին բան չորոշող երկիր, չվերականգնի իրեն վերաբերող հարցերում բան որոշողի կարգավիճակը, չլինի ինքնիշխան, չունենա ինքնասիրություն և շարունակի մնալ մատաղացու գառան կարգավիճակում, որին, ինչպես Փաշինյանն էր ասում, կարելի է «հայրենասիրության մոդելներ հրամցնել»՝ Վանեցյանի ու նրան հովանավորողների բերանով մեզ թելադրելով՝ «դուք պետք է հայրենասեր լինեք այնպես, ինչպես մեզ է ձեռք տալիս»:
Եթե սա է ընդդիմության ուզածը, ապա այն ոչ թե հայրենիքի փրկության, այլ հայրենիքը կտոր-կտոր Փառուխի օրինակով Ադրբեջանին նվիրելու մասին է։




