Քաղաքաշինության կոմիտեն շարունակում է մարզային այցերը՝ հանրությանը ներկայացնելու համար ՀՀ կառավարության ծրագրի համաձայն մշակված համայնքների զարգացման հնարավորությունները բացահայտող քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերը:
Կոմիտեի համակարգմամբ ձեւավորված աշխատանքային խումբն այս անգամ այցելել է Սյունիքի մարզ, որտեղ նրանց հյուրընկալել է մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։ Մարզպետարանում անցկացվող քննարկմանը մասնակցել են նաեւ աշխատանքային խմբում ընդգրկված շահագրգիռ գերատեսչությունների՝ արտակարգ իրավիճակների, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների, կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունների ներկայացուցիչները:
Հանդիպման ժամանակ Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանը ներկայացրել է, թե համայնքների հետ սերտ գործակցության եւ նրանց կարիքների գնահատման արդյունքում մշակված փաստաթղթերն ինչ խնդիրներ են կարգավորում եւ ինչպես են նպաստում համայնքների ներուժի բացահայտմանն ու զարգացմանը։ Նա տեղեկացրել է, որ փաստաթղթերը բաղկացած են քաղաքաշինական զարգացման 3 մակարդակից՝ տարածքային զարգացման, գլխավոր հատակագծերի եւ գոտեւորման նախագծեր: Հիմնական նպատակն է ձեւավորել առողջ, անվտանգ եւ արդյունավետ քաղաքաշինական միջավայր, որը գրավիչ կլինի ինչպես տեղաբնակների, այնպես էլ այցելուների համար:
Տարածքների իրական ներուժի վրա հիմնված զարգացման հայեցակարգերի մշակումը թույլ կտա ստեղծել արդի ենթակառուցվածքներով բնակավայր՝ բարձրացնելով բնակչության կենսամակարդակը եւ խթանելով տարածքների կայուն, համաչափ զարգացումը:
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն ընդծել է մշակված փաստաթղթերի կարեւորությունը՝ անդրադառնալով նաեւ համայնքային հողերի օտարման ընթացակարգի վերաբերյալ ներկաների բարձրացրած հարցերին. «Այսօր հողի մասնավորեցման որոշում կայացնելիս շատ զգուշավոր պետք է լինենք, մտածենք երկարաժամկետ կտրվածքով, որպեսզի գալիք սերունդները հնարավորություն ունենան իրենց հարմարավետությունն ապահովել համայնքի տարածքում»:
Քննարկման ժամանակ Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանը հայտնել է, որ փաստաթղթերում ներառվել են հանրային տարածքների զարգացման, կառուցապատման ավանդական հատկանիշների պահպանմամբ թաղամասերի արդիականացման, երիտասարդ ընտանիքների համար նոր թաղամասերի ձեւավորման առաջարկներ:
Իսկ զբոսաշրջության զարգացման հեռանկարով բնակավայրերի համար դիտարկվել է հյուրատների, համտեսի կենտրոնների գործարկման, հետիոտնային փողոցների բարեկարգման ծրագիրը: «Առանձնահատուկ տեղ է հատկացվել հուշարձանների ցանկում ընդգրկված եւ քայքայման վտանգի առջեւ կանգնած շինություններին երկրորդ կյանք տալու ծրագրերին, որոնց շնորհիվ դրանք կօգտագործվեն, օրինակ, որպես տարածաշրջանի երիտասարդական նորարարական կենտրոններ»,-նշել է Նունե Պետրոսյանը:
Հաշվի առնելով բնակավայրերում գյուղարտադրության, օրինակ՝ բրդի վերամշակման արդյունաբերության կազմակերպման հնարավորությունը՝ հստակեցվել է նաեւ մթերումից մինչեւ վերջնական արտադրանքի ստացումն ապահովող արտադրական ձեռնարկությունների տեղաբաշխումը՝ նպաստելու համար նոր աշխատատեղերի ստեղծմանը:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության 2021-2026թթ. գործունեության միջոցառումների ծրագրի համաձայն՝ նախատեսված է հանրապետության բոլոր մարզերի համար մշակել միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթեր, որոնց հանրահռչակման նպատակով Քաղաքաշինության կոմիտեի նախագահի հրամանով ձեւավորված աշխատանքային խումբը պարբերաբար հանրային լսումներ է կազմակերպում մարզերում:




