
Նախադեպը չունեցող «ՀԱՅԱ» փառատոնի շնորհիվ ոչ միայն աշխարհը կճանաչի մեր երկիրը՝ որպես մշակութային կենտրոն, այլև այն կնպաստի զբոսաշրջային ոլորտի զարգացմանը, այդպիսով՝ խթանելով նաև մեր երկրի տնտեսության ակտիվությանը։ Այս մասին մայիսի 13-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց «ՀԱՅԱ» փառատոնի հիմնադիր Սոնա Հովհաննիսյանը: Նա տեղեկացրեց, որ 2022 թ.-ին փառատոնի անվանի հյուրն է աշխարհահռչակ ռեփ երաժիշտ 50 Cent-ը, ում համերգը տեղի կունենա հուլիսի 1-ին: Հունիսի 25-ին իր առաջին մեծ մենահամերգով Հայաստանում հանդես կգա ֆրանսիացի սիրված փոփ երգչուհի ZAZ-ը: Led Zeppelin Symphonic բացառիկ նախագիծը տեղի կունենա հուլիսի 9-ին: Բոլոր համերգները կանցկացվեն Հրազդան մարզադաշտում։
«Նախագիծը կնպաստի Հայաստանի PR-ի և իմիջի էլ ավելի լավացմանն ու ճանապարհ կբացի համաշխարհային այլ՝ էլ ավելի հռչակավոր անունների համար, ովքեր կգան Հայաստան և հանդես կգան ելույթներով։ Մենք գովազդելու ենք Հայաստանը, ցույց ենք տալու մեր երկիրը որպես խաղաղ, կայուն, ծաղկող վայր, որն ունի փառահեղ ապագա։ Մեր համերգները լսելու են 30-50 հազար մարդիկ։ Ելույթ են ունենալու արտիստներ, որոնց համերգներին մասնակցելը երազանք է։ Պետք է ասեմ, որ միայն այս երեք արտիստներով փառատոնը չի սահմանափակվելու։ «ՀԱՅԱ»-ն կշարունակվի սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին` Հայաստանում ներկայացնելով ամենասիրված և ականավոր փոփ աստղերի, որոնց անունները շուտով կհրապարակվեն և որոնց անունների հրապարակումը ևս մեծ ցնցում կառաջացնի: Նախատեսվում են համերգներ նաև քաղաքից դուրս գտնվող գեղատեսիլ վայրերում»,-նշեց Սոնա Հովհաննիսյանը։





