
«Երեկ՝ մայիսի 15-ին, առավոտյան 11։30-ի մոտ Գորիսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի էինք գնացել՝ պատարագի։ Եկեղեցում բավական շատ մարդ կար՝ մոտ 50 հոգի։ Պատարագը երբ վերջանում էր՝ Ահարոն քահանա Մելքումյանը սկսեց քարոզ տանել գործող իշխանության դեմ, ասում էր՝ մեր ներկայիս կառավարությունը կապ չունի քրիստոնեության հետ, իրենք սատանայապաշտ են, ասում էր նաև՝ երեխաներին մի տարեք պատվաստման՝ դեղնախտ են ընկնում, մահանում են, մեր կառավարությունը դա ինադու է անում։ Գիտեինք, որ քահանան միշտ քարոզչություն է տանում իշխանության դեմ, բայց որ պատարագի ժամանակ էլ է անում՝ չգիտեինք»,- այս ահազանգով այսօր՝ մայիսի 16-ին, Civic.am-ի խմբագրություն էր դիմել մի քաղաքացի, որը չցանկացավ հրապարակային իր անունով ներկայանալ։
Civic.am-ը կապ հաստատեց Հայ առաքելական եկեղեցու Գորիսի հոգևոր հովիվ Ահարոն քահանա Մելքումյանի հետ։ Տեր հայրը մեզ հետ զրույցում նշեց՝ որոշ արտասահմանյան կայքերում է կարդացել, որ կորոնավիրուսի դեմ պատվաստված երեխաներն անհայտ տիպի դեղնախտով են հիվանդացել և մահացել են։ Եվ ինչ վերաբերում է պատարագից հետո իր պատմած պատվաստված երեխաների դեղնախտով հիվանդանալուն՝ դա հղում է եղել այդ կայքերին։
Անդրադառնալով «կառավարությունը կապ չունի քրիստոնեության հետ, իրենք սատանայապաշտ են» արտահայտությանը՝ տեր հայրն ընդգծեց, որ իր խոսքն աղավաղել են, սակայն կառավարության մեջ կան մարդիկ, ովքեր սատանայապաշտ են՝ չհստակեցնելով, թե ում մասին է խոսքը։
«Ես ասել եմ՝ ովքեր եկեղեցու դեմ բարբաջում են՝ նրանք սատանայապաշտներ են։ Ես այս իշխանության գալը տեսել եմ 2018թ. ու գնալն էլ գիտեմ ու պատիժներն էլ գիտեմ»,- ասաց Ահարոն քահանա Մելքումյանն ու ընդգծեց, որ մարդը պետք է հայրենիքի մասին գաղափար ունենա. «Գայլերը ոչխարներին նամակ են ուղարկում, ասում են՝ մեր դարավոր՝ հազարամյա բարեկամությանը խանգարում են հովիվներն ու հովվաշները, դրանց քշեք, և մեր հազարամյա բարեկամության սկիզբը կդնենք։ Ոչխարները նամակը ստանում են, ուրախանում են և հովիվներին ու հովվաշներին իրենց մոտից հանում են և նամակ են գրում գայլերին, ասում են՝ մենք վերջապես ազատվեցինք հովիվներից ու հովվաշներից, կարող ենք մեր հազարամյա բարեկամության սկիզբը դնել։ Գայլերն էլ գալիս են ու նրանց հոշոտում։ Հիմա թուրքերը 1054 թվականից մինչև այսօր մեզ կոտորում են»։
Քահանան իր քարոզը չհամարեց քաղաքական։ Նա շատ դգոհեց, որ ադրբեջանական հենակետերն այդքան մոտեցել են Գորիսին, թեև անձամբ 44-օրյա պատերազմին չի մասնակցել։ Քահանայի խոսքով՝ ինքն արցախյան առաջին պատերազմի մասնակից է, իսկ 44-օրյա պատերազմի ժամանակ էլ դիմել է թեմի առաջնորդին, որպեսզի մեկնի մարտի դաշտ, սակայն առաջնորդը չի թույլատրել, ասել է՝ Գորիսում միայն դու ես, նահատակվածների հուղարկավորություններն էլ շատ էին, օրական 3-4 մարդ էին հուղարկավորում և չէին հասցնում։
Մենք փորձեցինք կապ հաստատել նաև Հայ առաքելական եկեղեցու տեղեկատվական բաժնի հետ՝ մեկնաբանություն ստանալու՝ արդյոք պատարագից հետո քահանայի այս խոսքերը չե՞ն համարում ատելության խոսք և քաղաքական ուղղվածության, սակայն մեր զանգերը մնացին անպատասխան։




