Գլխավոր Մարզեր ՍՅՈՒՆԻՔ «Գնահատե՛նք այսօր մեր ունեցած պետականությունը, սիրե՛նք մեր հայրենիքը»․ Գեւորգ Փարսյան

«Գնահատե՛նք այսօր մեր ունեցած պետականությունը, սիրե՛նք մեր հայրենիքը»․ Գեւորգ Փարսյան

0

Կապան համայնքի ղեկավար Գեւրոգ Փարսյանի ուղերձը․

«Հարգելի՛ հայրենակիցներ

Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման 104-րդ տարեդարձի առթիվ։

1918 թվականի մայիսի 28-ը մեր ժողովրդի կյանքի եւ պատմության մեջ առանձնահատուկ տեղ ունի, քանի որ իր մեջ կրում է մեր դարավոր երազանքի իրականացումը` հայոց պետականության վերականգնումը։

Մենք վերանվաճեցինք անկախ պետականություն ունենալու իրավունքն ու, չնայած առկա բազում դժվարություններին, մեր հողի վրա վերստեղծեցինք մեր պետությունը` Հայաստանի առաջին հանրապետությունը: Այն իրականություն դարձրեցինք Սարդարապատի, Բաշ-Ապարանի եւ Ղարաքիլիսայի հերոսամարտերի արդյունքում, մեր միասնության ու անձնազոհության շնորհիվ: Ապացուցեցինք, որ միասնական լինելու դեպքում, հաղթանակը անխուսափելի է։

Վստահ եմ, որ այսօր էլ մենք մեր միասնության, վճռականության եւ համախմբվածության շնորհիվ կկարողանանք ոտքի կանգնել, գրանցել նոր հաղթանակներ եւ շարունակել մեր բազմադարյա ուղին՝ հային վայել արժանապատիվ կեցվածքով։

Այսօր մեր պարտքն է հիշել ու փառաբանել Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադիրներին՝ նրանց շարքերում հպարտորեն նշելով կապանցի Արամ Մանուկյանին եւ մեր մյուս համերկրացիներին, ովքեր մեծագույն ներդրում են ունեցել մեր պատմության ամենաբացառիկ էջերից մեկի կերտման գործում։

Գնահատե՛նք այսօր մեր ունեցած պետականությունը, սիրե՛նք մեր հայրենիքը եւ արժանի՛ լինենք մեր հերոս նախնիների փառքին, ու սերունդներին փոխանցենք հզոր, անվտանգ Հայաստան։

 

Մեկնաբանել