Այսօրվանից մեկնարկում է 2022 թվականի ամառային զորակոչը։
Սիրելի՛ նորակոչիկներ,
արդեն ձեր հերթն է մեկնելու Հայոց բանակ, փոխարինելու ավագ ընկերներին և պատվով կատարելու հայրենիքի հանդեպ ձեր սուրբ պարտքը։
Հայրենիքը սկսվում է նաև պետական սահմանից, որի պաշտպանության ու ամրության երաշխավորն այսօրվանից նաև դուք եք։
Վստահ եմ, որ խորը գիտակցումով եք մեկնում հայոց բանակ և այդ ճանապարհին խորհուրդս է՝ լինել զգոն, հայրենասեր, միասնական, ընկերասեր, թև ու թիկունք դառնալ միմյանց։
Լսեք ու հարգեք ձեր հրամանատարներին, նրանց փոխանցած փորձն ու հմտությունները ձեզ առաջնորդելու են առաջիկա երկու տարիներին ու ամենապիտանին են դառնալու ձեր հետագա կյանքում։
Սիրե՛ք հայրենիքը և հավատացած եղեք, որ պետությունն ամուր կանգնած է ձեր թիկունքին։
Անձնվիրաբար և իսկական հայ տղամարդուն վայել արժանապատվությամբ, արիությամբ ու քաջությամբ ծառայեք հայրենիքին և վերադարձեք ձեր օջախներ։
Իսկ մեր տղաների ծնողներին, հարազատներին մաղթում եմ հպարտության զգացումին միախառնված համբերություն։
Թող մեր տղաները բացառապես խաղաղ պայմաններում ծառայեն և ողջ ու առողջ վերադառնան։
Բարի ծառայություն ձեզ, խաղաղություն մեր երկրին և փառք հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած տղաներին։