Գլխավոր Հասարակություն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ամենահրատապ եւ կարեւոր հարցը Լեռնային Ղարաբաղի հարցն է....

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ամենահրատապ եւ կարեւոր հարցը Լեռնային Ղարաբաղի հարցն է. Փաշինյան /տեսանյութ/

0

Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ 2020 թվականի նոյեմբերին կնքված եռակողմ հայտարարությունն այն ժամանակ Լեռնային Ղարաբաղում բռնությանը վերջ դնելու ն միտված քայլ էր: Այս մասին Կատարում «Ալ Ջազիրա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Պետք է նշեմ, որ այդ հայտարարությունը չի անդրադառնում Լեռնային Ղարաբաղի հարցին, մինչդեռ ԼՂ հիմնախնդրին պետք է անդրադարձ արվի: Մենք հուսով ենք, որ առաջիկա ժամանակներում կկարողանանք անդրադառնալ նաեւ Լեռնային Ղարաբաղի խնդիրն»,- նշել է վարչապետ Փաշինյանը:

Նա նկատել է, որ Հայաստանն Ադրբեջանի հետ շփման մի շարք հարթակներ ունի: «Վերջերս մենք կազմել ենք Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման հանձնաժողով, եւ շատ կարեւոր է շարունակել այդ աշխատանքը: Ընդամենը մեկ հանդիպում է տեղի ունեցել, սակայն մենք արդեն համաձայնել ենք, որ երկրորդ հանդիպումը տեղի կունենա Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում, իսկ երրորդ հանդիպումը՝ Բրյուսելում: Հուսով ենք՝ մեր միջազգային գործընկերների աջակցությամբ եւ, իհարկե, ուղիղ աշխատանքի արդյունքում կկարողանանք դելիմիտացիայի ենթարկել մեր սահմանները»,- հայտնել է վարչապետը:

Անդրադառնալով հարցին, թե ինչպիսին կլինի հայկական կողմի դիրքորոշումը, եթե հանձնաժողովը որոշի, որ ԼՂ ողջ տարածքը պետք է պատկանի Ադրբեջանին՝Փաշինյանը պատասխանել է. «Սահմանազատման հանձնաժողովը որեւէ կապ չունի Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ, քանի որ, ինչպես ասացի, մենք Ադրբեջանի հետ հաղորդակցման տարբեր հարթություններ ունենք: Դրանցից մեկը վերաբերում է սահմանազատման աշխատանքներին: Սահմանների անվտանգության հարցը եւս շատ կարեւոր է, այն եւս այս հանձնաժողովի մանդատի ներքո է, քանի որ մենք պետք է պահպանենք կայունություն եւ անվտանգություն ամբողջ սահմանի երկայնքով: Երկրորդ հարցը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորումն է: Կա շփման եւս մեկ հարթակ՝ կապված տարածաշրջանային, տրանսպորտային եւ տնտեսական հաղորդակցությունների բացման հետ: Սակայն, իհարկե, ամենահրատապ ու կարեւոր հարցը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, ինչպես նաեւ տարածաշրջանային խաղաղության տեսանկյունից, Լեռնային Ղարաբաղի հարցն է»:

Փաշինյանը կարեւորել է Ռուսաստանի դերը՝ որպես եռակողմ հայտարարության երաշխավորի՝ նշելով, որ ՌԴ-ն Հայաստանի ռազմավարական գործընկերն ու դաշնակիցն է, սակայն շատ մտերիմ է նաեւ Ադրբեջանի հետ:

Մեկնաբանել