Հայաստանի կառավարությունը համաֆինանսավորմամբ պետական բյուջեից 268.5 միլիոն դրամ կտրամադրի մարզպետարանների սուբվենցիոն ծրագրերի համար: Կառավարության նիստի ընթացքում տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ասաց, որ գումարը հատկացվելու է 18 բնակավայրերի 20 սուբվենցիոն ծրագրերի համար: «2022 թվականի հունվարից սկսած մենք արդեն 229 ծրագրի համար 5.6 միլիարդ դրամ տրամադրել էինք եւ եւս 20 ծրագրի համար այսօր ենք տրամադրում: Ընդհանուր այս տարի հունիսի 17-ի դրությամբ 249 ծրագիր ավարտում ենք եւ 5.9 միլիարդ դրամ հատկացնում ենք այս աշխատանքների համար»,-ասաց նա՝ հավելելով, որ Արարատի մարզում իրականացվել է 3 ծրագիր՝ 54 միլիոն դրամի հատկացմամբ, Արմավիրի մարզում՝ 6 ծրագիր՝ 81 միլիոն դրամի շրջանակներում, Գեղարքունիքում 5 ծրագիր ՝158 միլիոնով, Կոտայքում 2 ծրագիր՝ 202 միլիոն դրամով, Լոռու մարզում 2 ծրագիր՝ 35 միլիոն դրամով, Շիրակում՝ 1 ծրագիր՝ 4.6 միլիոնով, Սյունիքում 1 ծրագիր՝ 53 միլիոն դրամ հատկացմամբ:
Նշված ծրագրային հայտերը հիմնականում ուղղված են համայնքներում կապիտալ ներդրումներին` մասնավորապես համայնքներում փողոցների, այգիների, պուրակների, խաղահրապարակների բարեկարգմանը, համայնքային շենքերի, մշակութային տների, մանկապարտեզների, հանդիսությունների սրահների կառուցմանն ու նորոգմանը, խմելու, կոյուղու, ոռոգման ջրագծերի կառուցմանն ու նորոգմանը եւ գիշերային լուսավորության անցկացմանը, բնակավայրերի գազաֆիկացմանը, բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության գույքի նորոգմանը՝ էներգախնայող միջոցառումների կիրառմամբ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ նախորդ շաբաթ Արարատի մարզ այցի ընթացքում նկատել է, որ ծավալուն աշխատանքներ են իրականացվում:
«Այն, ինչ տեսանք, շատ ուրախալի էր. աշխատանքները պատշաճ որակով են իրականացվում: Դրական տպավորություններով եւ լիցքերով ենք վերադարձել Արարատի մարզից եւ պլանավորում ենք բոլոր մարզեր նման այցեր կատարել»,-ընդգծեց վարչապետը՝ կարեւորելով սուբվենցիոն ծրագրերով կաթիլային ոռոգման համար անհրաժեշտ ավազանների կառուցումը, որը շատ կարեւոր տեխնոլոգիական համակարգ է:




