Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական եւ վարութային գործողությունների արդյունքում բացահայտվել են «Սեւանի բժշկական կենտրոն»-ի բուժաշխատողների կողմից կորոնավիրուսային հիվանդության (Covid-19) դեմ քաղաքացիների պատվաստված լինելը հավաստող կեղծ փաստաթղթեր կազմելու եւ էլեկտրոնային առողջության միասնական տեղեկատվական «ԱՐՄԵԴ» համակարգ մուտքագրելու դեպքեր: Նախաքննությունն ավարտվել է:
Ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ քննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ «Սեւանի բժշկական կենտրոն»-ի 2 ընտանեկան բժիշկներ, ընդգրկված լինելով կորոնավիրուսային հիվանդության համավարակի դեմ պատվաստման գործընթացին, տեղյակ լինելով միայն Հայաստանի Հանրապետությունում 10 եւ ավել օր գտնվելու դեպքում օտարերկրյա քաղաքացիներին պատվաստել թույլատրելու մասին, 2021 թվականի հուլիսից հոկտեմբեր ամիսներն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունում ընդամենը մեկ-երկու օր գտնվող ԻԻՀ քաղաքացիների վերաբերյալ կազմել են նրանց իբրեւ հետազոտելու եւ պատվաստման ենթակա լինելու մասին բժշկական փաստաթղթեր՝ դրանցում ներառելով ակնհայտ կեղծ տեղեկություններ եւ գրառումներ, որոնց հիման վրա նշված օտարերկրացիները պատվաստվել են:
Այնուհետեւ, հիշյալ բժիշկները կազմել եւ հաստատել են ԻԻՀ քաղաքացիների կորոնավիրուսային հիվանդության համավարակի դեմ պատվաստված լինելը հավաստող կեղծ սերտիֆիկատներ, մուտքագրել էլեկտրոնային առողջության միասնական տեղեկատվական «ԱՐՄԵԴ» համակարգ՝ ներառելով պատվաստման օրերի վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկություններ:
Բացի այդ, նույն բժշկական կենտրոնի իմունիզացիայի բուժքույրը, լինելով կորոնավիրուսային հիվանդության դեմ քաղաքացիներին պատվաստումներ կատարող պատասխանատու անձ, ԻԻՀ քաղաքացիների՝ Հայաստանի Հանրապետությունում չգտնվելու պայմաններում, կազմել է նրանց իբրեւ հետազոտելու եւ պատվաստման ենթակա լինելու վերաբերյալ բժշկական կեղծ փաստաթղթեր, այնուհետեւ, պատվաստված չլինելու պայմաններում կազմել եւ հաստատել է կորոնավիրուսային հիվանդության դեմ նրանց պատվաստված լինելը հավաստող կեղծ սերտիֆիկատներ, որոնք մուտքագրել է էլեկտրոնային առողջության միասնական տեղեկատվական «ԱՐՄԵԴ» համակարգ՝ դրանցում ներառելով նշված օտարերկրյա քաղաքացիների իբրեւ պատվաստված լինելու մասին ակնհայտ կեղծ տեղեկություններ:
Պարզվել է նաեւ, որ բժշկական կենտրոնի մեկ այլ ընտանեկան բժիշկ, նույն կենտրոնի մաշկավեներաբանի խնդրանքով, վերջինիս ազգականի՝ հանրապետությունից բացակայելու պայմաններում, կազմել է նրան իբրեւ հետազոտելու եւ պատվաստման ենթակա լինելու վերաբերյալ բժշկական կեղծ փաստաթղթեր: Վերջինիս փաստացի պատվաստված չլինելու պայմաններում բժիշկը կազմել եւ հաստատել է կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստված լինելը հավաստող կեղծ՝ սերտիֆիկատներ, մուտքագրել է էլեկտրոնային առողջության միասնական տեղեկատվական «ԱՐՄԵԴ» համակարգ՝ դրանցում ներառելով գործընկերոջ ազգականի իբրեւ պատվաստված լինելու մասին ակնհայտ կեղծ տեղեկություններ:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա «Սեւանի բժշկական կենտրոն» ընկերության 4 բուժաշխատողի ներկայացվել է մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 457-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ մեկին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-457-րդ հոդվածի 1-ին մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը:
Նախաքննությունն ավարտվել է, քրեական վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան:
Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով: