Գլխավոր Սյունիք Սյունիքի մարզում կա 5257 բռնի տեղահանված, ավելի քան 4000-ը գտնվում են ոչ...

Սյունիքի մարզում կա 5257 բռնի տեղահանված, ավելի քան 4000-ը գտնվում են ոչ հյուրանոցային կամ հյուրատնային պայմաններում

0

Այս պահի դրությամբ Սյունիքի մարզում է գտնվում 5257 բռնի տեղահանված, որոնցից ավելի քան 4000-ը գտնվում են ոչ հյուրանոցային կամ հյուրատնային պայմաններում, այլ ապրում են հիմնականում վարձակալությամբ տրված բնակարաններում կամ տարբեր գյուղական համայնքների սեփական տներում։ 4100 մարդու համար սննդի եւ հիգիենայի պարագաների առաջնային փաթեթները կամ արդեն բաժանված են, կամ ընթացքի մեջ են որոշ համայնքներում։ Մնացած հրատապ խնդիրները գույքագրվում են։ Կան համայնքներ, որոնք արդեն վերջացրել են այդ գործընթացը, հետեւաբար ըստ առաջնահերթության փորձ է արվում լուծել պրոբլեմները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին ՀՀ կառավարության հումանիտար կենտրոնում նշեց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։

«Նաեւ քննարկում ենք ձմռանը պատրաստվելու հետ կապված տարաբնույթ խնդիրներ։ Այս պահի դրությամբ 328 աշակերտ արդեն ընդունվել է մարզի տարբեր դպրոցներ, ինչպես նաեւ մանկավարժական կոլեկտիվներն են համալրվում։ Նաեւ բժշկական տարբեր կենտրոններ են դիմում մեր հայրենակիցները, որոնցից իննի գործերն արդեն աշխատանքի տեղավորման առումով ընթացքի մեջ են։ Այդուհանդերձ շատ կարեւոր է, որ մենք կարողանանք բոլոր ընտանիքների համար ստեղծել այնպիսի պայմաններ, որ մեր հայրենակիցները լինեն ոչ հյուրանոցային պայմաններում, քանի որ հյուրանոցներում երկար ժամանակ չեն կարող մնալ։ Համայնքների ղեկավարների հետ ունեցել ենք քննարկումներ եւ շատ մոտ ապագայում յուրաքանչյուր ընտանիքի համար պետք է գտնվի այն տարածքը, տունը, որտեղ նրանք կարող են միջնաժամկետ կտրվածքով բնակություն հաստատել»,- նշեց Սյունիքի մարզպետը։

Նրա տեղեկացմամբ՝ այս պահի դրությամբ ուսումնասիրվում են տարբեր խոցելի խմբերի համար անհրաժեշտ հրատապ աջակցության ծրագրերը։ Կան յոթ եւ ավելի երեխա ունեցող տասնյակ բազմազավակ ընտանիքներ, որոնք առանձնահատուկ ուշադրության կենտրոնում են։ Կան նաեւ այլ խմբեր, որոնք ըստ համայնքների բաշխված են որպես առաջնահերթություն։ Այդ առումով ողջ մարզում իրականացվում են ինտենսիվ աշխատանքներ։ Այս պահին ամենակարեւոր խնդիրն, ըստ մարզպետի, ձմռան սեզոնին որեւէ խնդիր չունենալն է, հետեւաբար ինը շինարարական ընկերություններ արդեն իսկ շրջում են մարզային համայնքներում՝ գույքագրելով բոլոր խնդիրները, որոնք հնարավոր է, որ առաջանան ձմռան ընթացքում։ Մոտակա օրերին գույքագրման գործընթացը կավարտվի, որից հետո հնարավոր կլինի կառավարության ֆինանսավորմամբ աջակցություն ցուցաբերել բոլոր ընտանիքներին, որոնք նախապատրաստվում են ձմռան սեզոնին։

«Բոլոր մեր հայրենակիցները, որոնք մինչ այս պահն ինչ-ինչ հանգամանքներից ելնելով՝ չեն կարողացել կամ տեղեկացված չեն եղել, կարող են գնալ ցանկացած համայնքապետարան, գյուղի վարչական շենք կամ մարզպետարան, որպեսզի հնարավոր լինի նրանց առավելագույն չափով օգնել։ Մինչ այս պահը մարզպետի աշխատակազմին հայտնի չէ այնպիսի դեպք, երբ անհրաժեշտ է եղել հրատապ աջակցություն, բայց այն չի ցուցաբերվել։ Սյունիքի մարզն ընդունել է բոլորին, ովքեր հատել են Հակարիի կամուրջը, ըստ որում՝ տասնյակ հազարավոր մարդիկ գրանցվել են միայն Կոռնիձորում, որոնց ճնշող մեծամասնությունը հանգրվանել է Գորիսում։ Շատերն էլ հանգստանալուց հետո մեր օգնությամբ ուղեւորվել են ՀՀ այլ մարզեր։ Իրականացվել է բավականին ծանր աշխատանք, բայց մեկ շաբաթվա ընթացքում թե՛ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակն իր ղեկավարի անմիջական մասնակցությամբ, թե՛ տարբեր նախարարությունների մեր գործընկերները, ինչպես նաեւ Սյունիքի ուժային կառույցները միասնական ջանքերով ընդունել են բոլոր հայրենակիցներին՝ ամեն ինչ անելով, որպեսզի ոչ մի քաղաքացի չմնա առանց առաջնային, հրատապ աջակցության»,- ասաց Ղուկասյանը։

Մարզպետի խոսքով՝ միայն այն հանգամանքը, որ 25 հազար բնակչություն ունեցող Գորիս քաղաքը կարողացել է մեկ շաբաթվա ընթացքում ավելի քան 70 հազար մարդ դիմավորել եւ ճանապարհել, արդեն խոսում է բարձր կազմակերպվածության մասին, բայց ամենակարեւոր, ըստ նրա, պատանի եւ ուսանող կամավորների աշխատանքն է, ովքեր օր ու գիշեր աշխատել են, չեն քնել, արել են առավելագույնը, եւ միայն այդ ջանքերով հնարավոր եղավ օպերատիվորեն լուծել բոլոր խնդիրները։

Մեկնաբանել