Yerkir.am-ի տեղեկություններով` օրերս Կապանում ներդրված պարեկները մեքենան տեւական ժամանակ վարել են քաղաքացի Ռազմիկ Մարտիրոսյանի հետեւից, հասել մինչեւ տան բակ ու կանգնեցրել վարորդին։ Մեքենայի գույքահարկը չվճարելու համար պարեկների ու քաղաքացու միջեւ վիճաբանություն ու քաշքշուկ է տեղի ունեցել։
Երիտասարդի հայրը՝ Սեյրան Մարտիրոսյանը պատշգամբից նկատել է, որ պարեկները հարվածում են որդուն։ Տանից դուրս է եկել, մոտեցել պարեկներին ու խնդրել դադարեցնել ծեծկռտուքը։
Պարեկները դադարեցնելու փոխարեն ձեռնաշղթաներ են հագցրել որդուն։ Նույն ժամանակ հոր ինքնազգացողությունը վատացել է եւ տեղում ինֆարկտից մահացել։
Մինչ հարեւանները շտապ օգնություն կկանչեին, ներդրված պարեկները ավարտին են հասցրել իրենց «հաղթական գործը» եւ երիտասարդին անշնչացած հոր մոտից տեղափոխել բաժին։
Այսօր Սեյրան Մարտիրոսյանի հուղարկավորությունն է։
Yerkir.am-ը կփորձի կապ հաստատել հանգուցյալի որդու եւ հարազատների հետ՝ լրացուցիչ մեկնաբանությունների համար, ինչպես նաեւ ակնկալում է ՆԳ նախարար Վահե Ղազարյանի եւ Պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանի հրապարակային պարզաբանումը դեպքի առնչությամբ։