ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը նախնական ուսումնասիրություններ է իրականացնում Գորիսի օդանավակայանը վերագործարկելու համար։ Այս մասին Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել են նախարարությունից։
«Հայտնում ենք, որ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը իրականացնում է Գորիսի օդանավակայանի վերագործարկման ուղղությամբ նախնական ուսումնասիրություններ, այդ թվում` օդանավակայանի շենքի եւ թռիչքուղու վերանորոգման հետ կապված»,– ասվում է հաղորդագրության մեջ։
Նախարարությունից հայտնել են նաեւ, որ վերանորոգման աշխատանքների արժեքների եւ ժամկետների մասին տեղեկատվությունը կարող են տրամադրել ուսումնասիրություններն ավարտելուց հետո։
Ավելի վաղ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հայտարարել էր, որ իշխանությունները մտադիր են վերականգնել Գորիսի օդանավակայանը։
Գորիսի օդանավակայանը Խոտ գյուղի մոտ է։ Այն կառուցվել է եւ սկսել գործել 70-ականների վերջին` օրական ընդունելով մինչեւ 8 չվերթ։ Երեւանից այստեղ էին թռչում Ան-2 եւ Յակ-40 ինքնաթիռները։