Այսօր Սյունիքի մարզպետի տեղակալ Կարո Ավանեսյանն ու մարզպետարանի Կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ մերի Գանդալյանը Օխտարի միջնակարգ դպրոցում (Կապան համայնք) մասնակցեցին Արցախյան վերջին պատերազմում հերոսացած` դպրոցի շրջանավարտ Կարեն Գրիգորյանի անունը կրող «Փառքի եւ հավերժության անկյունի» բացման հանդիսավոր արարողությանը:Միջոցառմանը ներկա էին զոհված հերոսի ծնողները, դպրոցի՝ պատերազմի ժամանակ վիրավորված շրջանավարտները, ԵԿՄ անդամներ ու այլ հյուրեր:
Անկյան բացման եւ օրհնության կարգ կատարեց Տեր Շիրակ քահանա Խանոյանը, ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Արցախյան պատերազմներում զոհված հայորդիների անմահ հիշատակը:
Դպրոցի աշակերտներն ասմունքով իրենց երախտագիտությունը հայտնեցին հերոսացած տղաներին եւ նրանց ծնողներին:Բացման արարողությունից հետո դպրոցամերձ տարածքում իրականացվեց ծառատունկ, եւ 2020թ. Արցախյան պատերազմում զոհվածների հիշատակին նվիրված պուրակ հիմնվեց։ Ծառատունկը կազմակերպվել էր «Ծիածան» առաջնորդների կրթական կենտրոնի եւ Կապանի քաղաքացիական երիտասարդական կենտրոնի համատեղ ուժերով։




