Գյումրիում վերսկսվել է թափառող շների ստերջացման ծրագիրը։ Մրցույթը շահած «My vet» անասնաբուժական կլինիկայի աշխատակից Էդգար Գևորգյանն Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրել է, որ առաջին փուլում ստերջացրել են 950 թափառող շների, 350 շան համար էլ նոր պայմանագիր են կնքել Գյումրու քաղաքապետարանի հետ։
Մեր զրուցակիցն ասաց, որ բնակիչները զանգահարում են թեժ գծին՝ ներկայացնելով, թե որ թաղերում են առավել շատ թափառող շները, զանգերը հերթագրում են ու դրանց հետքերով գնում նշված հասցեներ, բերում շներին։ Ստերջացումից հետո 3 օր անց շներին վերադարձնում են նույն թաղամաս։
Թափառող կենդանիներին նախքան ստերջացումը կլինիկայում հետազոտում են, անալիզներ վերցնում, նոր միայն կատարում բուն վիրահատական միջամտություն։ 3 օր էլ տևում է հետվիրահատական խնամքը, եթե կենդանին իրեն լավ է զգում, տեղափոխում են այն թաղամաս, որտեղից բերել էին, իսկ եթե առողջական վիճակը նորմալ չէ, պահում են այնքան, որքան անհրաժեշտ է։

Մեր դիտարկմանը, թե բանավեճի թունդ թեմա է դարձել թափառող շներին կրակել-չկրակելու հարցը, շատերը սոցցանցերում դժգոհում են, օրինակներ բերում, որ շները հարձակվում, վնասում են մարդկանց, մի՞թե այս դեպքում ստերջացումն է հարցի լուծումը, մեր զրուցակիցն ասաց․ «Կրակելով ընդհանրապես հարց չի լուծվում, եթե մի թաղամասում կրակում են, այդ նույն ժամանակահատվածում մի այլ թաղամասում բազմանում են, շարունակում են հարձակվել մարդկանց վրա։
Կրակելով մարդուն չես պաշտպանում, կրակելու մեթոդը տարիների շարունակ կիրառվել է, արդարացված չէ․ կենդանին էլ բնության մի մասնիկն է, չի կարելի դաժան վերաբերվել։ Կարելի է նրանց վերացնել՝ աստիճանաբար՝ առանց ցավ պատճառելու, առանց նրանց նկատմամբ դաժան վերաբերմունքի։ Մոտ ապագայում Գյումրին միանշանակ ունենալու է թափառող շների կացարան։ Ստերջացման առաջին նպատակը հետևյալն է․ ստերջացման միջոցով նրանց թիվը քչացնել ու նաև չթողնելը, որ բազմանան։ Ենթադրենք, թե մեր քաղաքապետարանը կամ մի անհատ ուզի շների կացարան հիմնել, նրանց համար ավելի հեշտ կլինի կացարանում տեղավորել 500 կամ 1000 շուն, քան 4000-ից ավելի։ Մեր գերնպատակը սա է, իհարկե, ստերջացման միջոցով մենք չենք կարող մարդկանց անվտանգությունն ապահովել, բայց մենք կարող ենք այդ թիվը պահել նույն սանդղակի վրա՝ չթողնենք ավելանա, որ հետո մարդիկ կարողանան հեշտությամբ կացարանի հարց լուծել։
Ինչքան կենդանիների քիչ թիվ ունենանք, ավելի հեշտությամբ կլուծվի կացարանի հարցը։ Հիմա մեր գերխնդիրն է կենդանիների թվի կառավարումը, որ կարողանանք գոնե ունեցած թիվը պահպանել։ Ստերջացման արդյունքը շուտով կզգացվի։ Կացարաններում էլ ստերջացված արուներին և էգերին կարող են ընդհանուր մի տեղ հատկացնել, քանի որ ապահով են, խաչասերում չի լինի։ Իսկ եթե ստերջացված չլինեն ու տանեն կացարանում պահելու, դա նույնն է, թե բազմացման պրոցես սկսեն»։
Մենք նաև հետաքրքրվեցինք, թե ստերջացումից հետո շների մոտ կատաղություն սկսվո՞ւմ է․ նման բողոքներ ևս հնչում են սոցցանցերում։ «My vet» կլինիկայի անասնաբույժ Արմինե Եղիկյանն ասում է․ «Կարող է վարքի փոփոխություն տեղի ունենալ, որովհետև կլինիկայում գտնվելու այս երեք օրերի ընթացքում շները մարդու կողմից տեսնում են հոգատարություն, խնամք, սեր, իսկ երբ դրսում փորձում են մարդուն մոտենալ, հոգատարության փոխարեն ստանում են հարված։ Առաջին, երկրորդ, երրորդ հարվածը հանդուրժելուց հետո արդեն շունն ինքն է հարձակվում։
Մանրամասները`սկզբնաղբյուր կայքում:




