ՀՀ կառավարության մայիսի 20-ի նիստում որոշվել է 51 մլն 400 հազար դրամով ավելացնել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բյուջեն, որով նախատեսվում է մարզային 10 համայնքներում սկսել մոդուլային մսուր-մանկապարտեզների կառուցման աշխատանքը: ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը, ներկայացնելով նախագիծը, նշել է, որ գումարը կհատկացվի ՀՀ քաղաքաշինության կոմիտեին` 144 տեղ հզորությամբ մոդուլային մսուր-մանկապարտեզների նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և համապատասխան համայնքներում տեղակայման համար: Մանկապարտեզները կկառուցվեն մարզային հետևյալ բնակավայրերում. Արմավիրի մարզում` 5 մսուր–մանկապարտեզ
Նորավան համայնք Փշատավան համայնք Լենուղի համայնք Այգեվան համայնք Լոռու մարզում` 3 մսուր–մանկապարտեզ Գոգարան համայնք Լեռնավան համայնք Լուսաղբյուր համայնք Կոտայքի մարզում` 1 մսուր–մանկապարտեզ Պտղնի համայնք Շիրակի մարզում` 1 մսուր–մանկապարտեզ Արևշատ համայնքի Արծվաբերդ բնակավայր:
Հիշեցնենք, որ մինչ այդ Կառավարության մայիսի 6-ի և մայիսի 13-ի նիստերում գումար էր հատկացվել 144 տեղ հզորությամբ մոդուլային 10 մսուր-մանկապարտեզի և մինչև 100 սովորողի համար նախատեսված մոդուլային 20 դպրոցի կառուցման համար: Անդրադառնալով ընդունված որոշմանը` վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նշել է, որ կրթական հաստատությունների շենքային պայմանների բարելավումը շարունակական գործընթաց է:
«Նախօրեին քննարկված ՀՀ կառավարության միջնաժամկետ ծախսային ծրագրով դպրոցաշինության և մանկապարտեզաշինության լայնածավալ աշխատանքներ են նախատեսված»,- փաստել է նա` ավելացնելով, որ կառուցումից հետո մոդուլային մսուր-մանկապարտեզների բնականոն գործունեության ապահովման պարտավորությունը կդրվի համայնքների վրա: Զուգահեռաբար աշխատանքներ են տարվելու նախադպրոցական կրթության համակարգում աշխատող մանկավարժների վարձատրության ավելացման ուղղությամբ` ատեստավորման և մասնագիտական որակավորման բարելավման ճանապարհով:
ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ




