Գլխավոր ԵՐԵւԱՆ Ստորագրվելիք փաստաթղթով ՀՀ-ից որևէ տարածք չի զիջվելու. Ռուբեն Ռուբինյան

Ստորագրվելիք փաստաթղթով ՀՀ-ից որևէ տարածք չի զիջվելու. Ռուբեն Ռուբինյան

0

«Կարող եմ վստահեցնել՝ ստորագրվելիք փաստաթղթով ՀՀ-ից որևէ տարածք չի զիջվելու»:

ԱԺ-ում այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը»  խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը:

Լրագրողների դիտարկմանը, թե գյուղերի վերադարձի մասին գրառում էր կատարել Միքայել Մինասյանը՝ ասելով, թե կա բանավոր պայմանավորվածություն դրա վերաբերյալ, Ռուբեն Ռուբինյանը պատասխանեց.

«Սուտ էր ասել: Բանավոր որևէ քննարկում որևէ տարածքի հանձնման կամ փոխանակման վերաբերյալ չի եղել», – ասաց Ռուբինյանը։

Ռուբինյանն անդրադառնալով մամուլում տարածված փաստաթղթին՝ հաստատեց, որ դա այն է, ինչ կողմերը քննարկում են:

«Երեկ ընդդիմությունը տարածել է փաստաթղթի ամբողջական տարբերակը, որը, հաստատում եմ՝ հենց այդ տարբերակն է, և այն երեկ հաստատվել է նաև վարչապետի պաշտոնակատարի կողմից: Նաև հաստատվել է, որ դրան ոչ մի կից փաստաթուղթ չկա, ոչ մի գաղտնի կետ չկա: Ուզում եմ ևս մեկ անգամ կրկնել, որպեսզի հստակ լինի՝ հայկական կողմն ասել է, որ այս փաստաթղթի քննարկումը կարող է տեղի ունենալ միայն ադրբեջանական զորամիավորումների՝ ելման դիրքեր վերադառնալու դեպքում»,- նշեց Ռուբինյանը:

Հարցին՝ Հադրութի, Շուշիի և հայկական մյուս տարածքների հարցը ինչպե՞ս է լուծվելու, Ռուբինյանն ընդգծեց՝ եթե այս փաստաթուղթը ստորագրվի, և նման հանձնաժողով ստեղծվի, խոսքը լինելու է ՀՀ և Ադրբեջանի սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի մասին և ոչ Ադրբեջանի և Արցախի Հանրապետության սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի:

«Այսինքն՝ այս գործընթացը կամ այս հանձնաժողովը որևէ կապ չի ունենալու Արցախի սահմանների և կարգավիճակի հետ»:

Անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե  Հայաստանը պետք է ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այդ թվում՝ Ղարաբաղը, իշխանական պատգամավորը նեց, որ  նոր է ծանոթացել այդ հայտարարությանը:

«Այդպես չի կարող լինել: Արցախյան հակամարտությունը լուծված չէ, նոյեմբերի 9-ի հայտարարությունը խաղաղության պայմանագիր չէի եղել, նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ որևէ հղում չի եղել Արցախի այս կամ այն կարգավիճակին: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ բոլոր երկրները ֆիքսել են իրենց դիրքորոշումն առ այն, որ Արցախի կարգավիճակի որոշման հարցը մնում է բաց, հետևաբար, իր հայտարարածը տեղի չի կարող ունենալ: Կարող է և պետք է տեղի ունենա հետևյալը՝ ադրբեջանական զորամիավորումները պետք է լքեն ՀՀ ինքնիշխան և միջազգայնորեն ճանաչված սահմանները, և միջազգային մեր գործընկերների դիրքորոշումը այս առումով նույնական է մեր դիրքորոշմանը»:

Ճշտող հարցին՝ հնարավո՞ր է՝ որոշ գյուղեր անցնեն Ադրբեջանի վերահսկողության ներքո և հակառակը՝ պատգամավորը պատասխանեց, որ ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Խորհրդային Հայաստանն ունեցել է անկլավ.

«Այս հարցերը կարող են դառնալ քննարկման թեմա հետագայում՝ այդ դելիմիտացիայի շրջանակում, կարող են չդառնալ, բայց կարևոր է տարբերակել՝ պետք չի ստանալ տպավորություն, որ եթե մեր պայմանները բավարարվեն և այդ հանձնաժողովն ստեղծվի, դա նշանակելու է, որ տեղի ունեցավ դելիմիտացիա և դեմարկացիա: Դա ընդամենը նշանակելու է, որ տեղի ունեցավ հանձնաժողովի ստեղծում և վերջ»:

Հարցին՝ ինչպես է վերաբերում ՀԱՊԿ-ի պահվածքին, քանի որ արդեն մեկ շաբաթ է անցել է, որ ՀՀ-ն դիմել է ՀԱՊԿ-ին, սակայն արձագանք չկա, Ռուբեն Ռուբինյանը պատասխանեց.

«Կան մեխանիզմներ, դրանք գործարկված են: Գործընթացները տեղի չեն ունենում այն արագությամբ, որը մենք կուզեինք տեսնել, բայց Հայաստանը փոխկապակցված է միջազգային ներդաշնակցային պայմանավորվածություններով: Մենք ակնկալում ենք, որ մեր դաշնակիցները աջակցելու են մեզ»,-եզրափակեց պատգամավորը:

Մեկնաբանել