Երեկ հորդառատ անրձեւից եւ ամպրոպից առաջացած հոսանքազրկումից հետո այսօր Հայաստանի էլեկտրական ցանցերը քաղաքացիներից դիմումներ է ստացել կենցաղային սարքավորումների վնասվելու վերաբերյալ: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց ՀԷՑ-ի հասարակայնության հետ կապերի դեպարտամենտի ղեկավար Նատալյա Սարջանյանը:
«Արդեն վնասի փոխհատուցման դիմումներ ենք ստացել, սակայն քանակի վերաբերյալ այս պահին տվյալներ չկան»,- նշեց նա:
Նշենք, որ երեկ տեղի ունեցած անձրեւն ու ամպրոպը մեծ վնասներ են հասցրել, հիմնականում՝ գյուղատնտեսությանը:
Սարջանյանի խոսքով՝ գոյություն ունի փոխհատուցման չափ. «Մեզ մոտ գրանցվում են անջատումներն ու լարման շեղումները, եթե լարման շեղման հետեւանքով է քաղաքացու սարքավորումը շարքից դուրս եկել, բնականաբար դա կա՛մ վերանորոգում ենք, եթե ենթակա է վերանորոգման կա՛մ ֆինանսական փոխհատուցում ենք տրամադրում»:
Նա ասաց, որ հոսանքազրկումները եղել են Երեւան քաղաքում՝ Կենտրոն, Շենգավիթ, Մալաթիա-Սեբաստիա, Էրեբունի, Աջափնյակ ու Նուբարաշեն վարչական շրջաններում եւ Արարատի, Կոտայքի, Գեղարքունիքի, Արագածոտնի, Արմավիրի, Շիրակի եւ Լոռու մարզերում. «Խոսքն ամբողջ մարզի կամ վարչական շրջանի մասին չէ, ուղղակի բոլոր մարզերում տեղ-տեղ հոսանքազրկումներ են եղել»:
Մանրամասները`սկզբնաղբյուր կայքում:




