Այսօր մայիսի 28-ն է և Հայաստանը նշում է Հանրապետության օրը` հայոց պետականության վերականգնման տոնը: Մայիսի 28-ը լոկ տոնական ամսաթիվ չէ, որ ամրագրված է մեր օրացույցում, այն իր մեջ ամբողջացնում է ոչ միայն մայիսյան հերոսամարտերի հաղթանակը, այլ նաև հայ ժողովուրդի անկախության ձգտման խորհրդանիշը, ոգին ու պատգամը:
Օրվա կապակցությամբ՝ Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը, համայնքապետարանի աշխատակիցները, անհատ քաղաքացիները, ՀՅԴ Կապանի «Արամ Մանուկյան» կոմիտեության անդամները ծաղիկներ դրեցին Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիրներից մեկի՝ ծնունդով կապանցի Արամ Մանուկյանի կիսանդրուն: Ներկաները ծաղկադրման արարողություն կատարեցին նաև Գարեգին Նժդեհի հուշահամալիրում։
Օրվա խորհրդով պայմանավորված՝ Վերին Խոտանան բնակավայրում գյուղացիների նախաձեռնությամբ բարձրացվեց Հայոց եռագույնը, իսկ Աղվանի բնակավայրում տեղի ունեցավ 6 մետր բարձրությամբ Սուրբ խաչի հանդիսավոր բացումը։ Խաչը՝ ի նշան մաքրագործման, լվացվեց ջրով և գինով, որը կատարվեց Քաջարանի տարածաշրջանի հոգևոր հովիվ ՝ Տեր Շիրակ քահանա Խանոյանի ձեռամբ: Այն տեղադրվեց տեղի գյուղացիների ջանքերով։




