ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակությանը՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի ղեկավար Թիերի Ռիբոյին և Հայկական Կարմիր խաչի ընկերության գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Այս մասին հայտնում է`armtimes.com-ը:
Հանդիպման նպատակն էր քննարկել նախարարության հետ համագործակցությամբ իրականացվող և նախանշվող ծրագրերը։
Ողջունելով պատվիրակությանը՝ Վահրամ Դումանյանը կարևորել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մարդասիրական առաքելությունը և վերջին 30 տարվա ընթացքում Հայաստանում իրականացրած աշխատանքները: Նախարարի պաշտոնակատարը վերահաստատել է իրականացվող համատեղ ծրագրերի շարունակականության ապահովման անհրաժեշտությունը և նոր ծրագրեր իրականացնելու պատրաստակամությունը:
Վահրամ Դումանյանն անդրադարձել է Արցախյան երկրորդ պատերազմից հետո Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների խնդրին՝ նրանց հայրենիք վերադարձնելու գործում ակնկալելով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աջակցությունը:




