Գլխավոր ԵՐԵւԱՆ Կառավարությունը գիտության ֆինանսավորումն ավելացրեց 203 մլն 582 հազար դրամով

Կառավարությունը գիտության ֆինանսավորումն ավելացրեց 203 մլն 582 հազար դրամով

0

Կառավարությունն այսօրվա նիստում վերաբաշխում կատարեց 2021 թվականի պետական բյուջեի մասին օրենքում, ըստ որի՝ գիտական և գիտատեխնիկական գործունեության ծրագրերի միջոցառումների իրականացման համար հատկացված ֆինանսական միջոցները ավելացվեցին 203 միլիոն 582 հազար դրամով: Ավելացվող գումարն ուղղվելու է պայմանագրային (թեմատիկ) հետազոտությունների ծախսային ուղղության ֆինանսավորմանը:

Նշենք, որ ՀՀ կառավարությունը 2021 թվականի  մարտի 18-ի N 371-Ն և մարտի 25-ի N 397-Ն որոշումներով Գիտության կոմիտեի 2021 թվականի ընդհանուր հատկացումները նվազեցրել է համապատասխանաբար 784 միլիոն 565 և 203 միլիոն 582 հազ. դրամով (ընդամենը՝ 988 միլիոն դրամ): Իսկ արդեն ապրիլին գիտության ոլորտի ֆինանսավորումը ավելացվեց 2 միլիարդ 784 միլիոն դրամով:

Կառավարության այսօրվա որոշման մեջ նշվում է, որ անհրաժեշտություն է առաջացել վերականգնել «Պայմանագրային (թեմատիկ) հետազոտությունների գիտական թեմաների ֆինանսավորում» միջոցառման նվազեցված գումարները և, ըստ այդմ, այդ ուղղությանը հատկացվող գումարն ավելացնել 203 միլիոն 582 հազ. դրամով, որը կծառայի այդ ուղղությամբ գիտական թեմաների հայտերի մրցույթի համար, որին էլ ներկայացվել է 332 հայտ:

Նախատեսվել է ֆինանսավորմամբ երաշխավորել 2-5 անձից բաղկացած, 12-36 ամիս տևողությամբ 228 գիտական խմբերի:

Մեկնաբանել