Մենք չունենք Արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար, ունենք օրենքի ուժով պարտականություններ կատարող, քանի որ պաշտոնակատարի որոշում առկա չէ։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչության պետ Սերոբ Բեջանյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ով է այս պահին հանդիսանում արտգործնախարարի պաշտոնակատարը, քանի որ ԱԳ նախարար Արա Այվազյանը հրաժարական է տվել:
«Պարտականությունները իրականցնում է ամենաերկար պաշտոնավարող տեղակալներից մեկը։ Անուն չեմ կարող նշել, քանի որ դրա վերաբերյալ չկա իրավական որոշում։ Փոխնախարարներից մեկը, ով ամենաերկարն է պաշտոնավարել, օրենքի ուժով իրականացնում է այդ պարտականությունները»,- նշեց Սերոբ Բեջանյանը։
Ուսումնասիրելով նախարարի տեղակալների պաշտոնավարելու ժամանակահատվածը՝ տեղեկացանք, որ փոխնախարարներից ամենաերկարը պաշտոնավարել է Արտակ Սրապիոնյանը, ով նշանակվել է արտաքին գործերի նախարարի տեղակալ 2018թ. դեկտեմբերի 28-ին։ Մյուս տեղակալներից Ավետ Ադոնցը նախարարի տեղակալ է նշանակվել 2019 թվականի հունվարի 29-ին, Արմեն Ղևոնդյանը՝ 2020թ․ նոյեմբերի 27-ին, իսկ Գագիկ Ղալաչյանը, ով օրերս ազատման դիմում է ներկայացրել, բայց դեռ շարունակում է իր պաշտոնավարումը, քանի որ ազատման որոշումը չի ստորագրվել, նախարարի տեղակալ է նշանակվել 2020թ. դեկտեմբերի 28-ին։
Մանրամասները`սկզբնաղբյուր կայքում:




