Մայիսի 29-ին ոստիկանության Նոյեմբերյանի բաժին նույնաբովանդակ երկու ահազանգ է ստացվել։ Ահազանգող տղամարդիկ, որոնք Արցախյան երկրորդ պատերազմից հետո բնակություն են հաստատել Կողբ համայնքում, հայտնել են, որ իրենց է զանգել մի տղամարդ, ներկայացել Կարեն անվամբ ու ասել, որ աշխատում է բարեգործական կազմակերպությունում։ Հայտնել է, որ Արցախից եկած ընտանիքներին օգնություն են տրամադրում, որը տեղ հասցնելու համար, որպես ճանապարհածախս, մի արցախցուց պահանջել է՝ 55, մյուսից՝ 50 հազար դրամ:
Տղամարդիկ պահանջած գումարը էլեկտրոնային եղանակով փոխանցել են նրան, սակայն իրենց օգնություն չի տրամադրվել։
Պարզվել է նաև, որ նա ներկայացել է այլ անվամբ։ Կասկածվողը հունիսի 1-ին հայտնաբերվել է, բերման ենթարկվել Նոյեմբերյանի բաժին ու խոստովանական բացատրություն տվել։ Դեպքերի հանգամանքները քննությամբ պարզվում են։




