Գլխավոր Մարզեր ՎԱՅՈՑ ՁՈՐ Վայոց Ձորի Արփի համայնքում բնակարանամուտ են տոնել

Վայոց Ձորի Արփի համայնքում բնակարանամուտ են տոնել

0

Վիվա-ՄՏՍ-ի աջակցությամբ Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» կողմից իրականացվող բնակարանաշինության ծրագրի արդյունքում, 2020 թվականի ընթացքում լուծվել է 96 ընտանիքի բնակարանի խնդիր՝ նախապես պլանավորված 37-ի փոխարեն:

Բոլոր առումներով բարդ 2020 թվականին, բնակարանաշինության ծրագիրը լիարժեք շարունակվել է Հայաստանի բոլոր մարզերում: Թե՛ կորոնավիրուսի պատճառով հայտարարված կարանտինի, թե՛ պատերազմի ընթացքում, ընտանիքները շարունակել են իրենց տների շինարարությունը: Աշխատանքները երբեմն կարճաժամկետ դադարեցնելու միակ պատճառը եղել է տանտերերի՝ ռազմաճակատում լինելը: Անգամ այդպիսի պայմաններում, մարդկանց հաջողվել է իրականացնել իրենց տարիների երազանքը: Այս մասին հայտնում  է`Tert.am-ը:

Վայոց Ձորի Արփի գյուղում ապրող Գևորգ Աղաջանյանը պատերազմի ժամանակ եղել է առաջնագծում: Չորս զավակների հայրն առաջնեկին ու եռյակ զավակներին ապահով մեծացնելու համար, իր առջև երկու խնդիր է դրել. պաշտպանել հայրենիքն ու տուն կառուցել: Առաջին խնդրի իրականացմանն օգնել է նրա՝ պայմանագրային զինծառայող լինելու փաստը, իսկ տան շինարարության հարցում աջակցել են նաև հարազատները: Գևորգն իր տան շինարարության ընթացքին հետևել և երբեմն էլ ուղղորդել է ռազմի դաշտից արված հեռախոսային կարճատև զանգերով:

«Գիտեք, ծանր էր բոլոր առումներով, իհարկե: Սակայն, երբ գիտես ինչի համար ես կռվում, երբ գիտես, որ տունդ ու ընտանիքդ են վտանգված, ամեն բան փոխվում է. ուժեղ ես դառնում: Մենք պետք է ուժեղ լինենք, թշնամին քանդում է, մենք պետք է շարունակենք կառուցել ու կհաղթենք: Մեր երեխաները մեզ պարտված չպիտի տեսնեն», – ասել է ընտանիքի հայրը՝ Գևորգը:

Աղաջանյանների ընտանիքն ավելի քան տասը տարի բնակվել է ուրիշի բնակարանում, հետո տեղափոխվել է կիսակառույց տան նկուղ: Երբեմնի խոնավ ու մութ նկուղն այսօր հիշողություն է դարձել: Շինարարությունն ավարտել են և տեղափոխվել կենցաղային բոլոր հարմարություններով ապահովված տաք բնակարան:

Մեկնաբանել