Մայիսի 6-ին ոստիկանություն էր զանգել Չարենցավան քաղաքի մի բնակչուհի եւ հայտնել, որ ավտոտնակից գողություն են արել: Ոստիկանության Չարենցավանի բաժնի օպերատիվ խումբը մեկնել էր դեպքի վայր: Պարզվել էր, որ ավտոտնակի դուռը հարմարեցված բանալիով բացել ու տարել էին զոդման սարք, էլեկտրական սղոց, բենզասղոց, տարբեր տեսակի այլ գործիքներ ու իրեր:
Ոստիկանությունից հայտնում են, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների եւ քննչական գործողությունների արդյունքում բաժնի քրեական հետախույզները մայիսի 26-ին, գողություն կատարելու կասկածանքով, Չարենցավանի նույն թաղամասի իր բնակարանից բերման ենթարկեցին 37-ամյա մի տղամարդու: Ոստիկանության բաժնում նա խոստովանեց արարքը: Հայտնաբերվեց գողոնի մի մասը:
Հետագա միջոցառումների արդյունքում տղամարդը խոստովանել է, որ ապրիլ ամսվա կեսերին, գիշերվա ժամը երեքի սահմաններում, փորձել էր գողություն անել Չարենցավան քաղաքի նախկին պոլիկլինիկայի շենքից, սակայն հանցագործությունն ավարտին չէր հասցրել:
Նախաքննությունը շարունակվում է:



