Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնն այս տարի տոնում է հիմնադրման 90-ամայկը: Հոբելյանի առթիվ թատրոնը հանդես կգա առաջնախաղերով, առցանց նախագծերով և իր պատմությունը կհանրահռչակի բացառիկ նմուշների ցուցադրությամբ:
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում թատրոնի լրատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Գոռ Փելեշյանն ասաց՝ երկար ժամանակ ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանն աշխատում է Դերենիկ Դեմիրճյանի «Երկիր հայրենի» դրամայի բեմադրման վրա: Փորձերն ընթանում են, և ներկայացումը բեմ կբարձրանա աշնանը՝ բացելով թատրոնի 90-րդ թատերաշրջանը:
«Սա դասական ստեղծագործություն է: Կարծում եմ՝ հատկապես մեր օրերում այն շատ անհրաժեշտ է և արդիական ուղերձներ ունի: Ներկայացման մեջ զբաղված են թատրոնի գրեթե բոլոր տղամարդ դերասանները և երեք դերասանուհի, ընդգրկվել է Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասան Վարդան Գևորգյանը, որը մարմնավորելու է Գագիկ թագավորին»,- նշեց Փելեշյանը:
Ներկայացումը ֆինանսավորել է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։ Թատրոնը հոբելյանի առթիվ նաև այլ նախաձեռնություններ կիրականացնի նախարարության հետ համատեղ։
Հոբելյանական է նաև Վինա Դելմարի «Հիշի՛ր վաղվա օրը» ներկայացումը, որի բեմադրիչը Նունե Խեչումյանն է: Այն նվիրվում է արտիստուհի Ռոզա Մխիթարյանի 90-ամյակին: Այս բեմադրությունը ևս աշնանը կհանձնեն հանդիսատեսի դատին: Գլխավոր դերակատարներն են ՀՀ ժողովրդական արտիստուհի Ռոզա Մխիթարյանը և ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արամայիս Սարգսյանը: Ներկայացման մեջ զբաղված են թատրոնի թե՛ երիտասարդ, թե՛ միջին սերնդի դերասանները:
«Հոկտեմբերին թատրոնը հյուրախաղերով հանդես կգա Երևանում՝ Կ. Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում: Կխաղանք Հովհաննես Թումանյանի «Անուշը», որի բեմադրիչը Վահե Շահվերդյանն է, «Երկիր հայրենի», «Հիշիր վաղվա օրը» և «Ընթրիք հիմարի հետ» ներկայացումները»,-տեղեկացրեց Փելեշյանը:
Մանրամասները`սկզբնաղբյուր կայքում:




