Հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացրած «Անկախ դիտորդ» կազմակերպության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանն այսօր մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրեց ընտրությունների օրը և հաշվարկի ընթացքում եղած մի շարք ընտրախախտումներ: Այս մասին հայտնում է`armtimes.com-ը: Մասնավորապես՝ Իոաննիսյանը հիշեցրեց, որ քվեների հաշվարկի ժամանակ մի շարք համայնքերում եղել էր էլեկտրաէներեգիայի անջատման դեպքեր:
«Արագածոտնում, Արմավիրում, Տավուշում, Լոռիում և Շիրակում եղել են հոսանքազրկումներ: Մենք փորձել ենք վերլուծել և հասկանալ, թե հոսանքազրկված տեղամասերում և տարածաշրջաններում տարբերվո՞ւմ են երեք հիմնական քաղաքական ուժերի քվեները, թե՝ ոչ»:
Իոաննիսյանի դիտարկմամբ՝ հոսանքազրկված տեղամասերում էական տարբերություններ ՔՊ-ի, «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքի քվեներում չեն գրանցվել:
«Այսինքն՝ չկան այնպիսի տարբերություններ, որոնք կարող են հանգեցնել մտքի, որ այդ տեղամասերում հաշվարկի ընթացքում եղել են էական կեղծիքներ»:
Խոսելով ընտրատեղամասերում կուտակումների մասին, Իոաննիսյանը նշեց, որ այդպիսի դեպքեր հիմնականում եղել են վաղ առավոտյան.
«Դեպքերն արձանագրվել են ոչ բոլոր տեղամասերում: Մենք մեզ հարց էինք տալիս՝ արդյոք հայ ազգն այդքան վաղ է արթնանում, ինչու են առավոտյան 8-ին այսքան շատ մարդիկ եկել, ընդ որում, ինչ-որ սպեցիֆիկ տարածքներում: Դրան որպես հնարավոր բացատրություն մտածում էինք, որ ընտրողներին պարտադրել են շուտ գնալ ընտրության, որպեսզի մինչև քվեարկության ավարտը շատ ժամանակ ունենան մյուս ընտրողներին բերելու համար»:
Դիտորդական կազմակերպության ներկայացուցիչն ընդգծեց, որ այդ մասով իրենք արել են վերլուծություն:
«Ինչպես գիտեք՝ ԿԸՀ-ն երեք ժամը մեկ ամփոփում էր մասնակցության տոկոսը: Մենք նայել ենք այդ տվյալները և տեսել, որ առավոտյան ժամերին մասնակցել է ընտրողների ցուցակի 12,2 տոկոսը: Այն տեղամասերում, որտեղ մասնակցել է ավելի մեծ տոկոսը, ավելի բարձր են արձանագրվել «Հայաստան» դաշինքի ձայները, իսկ ավելի ցածր՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ձայները: Եվ հակառակը՝ այն ընտրատեղամասերում, որտեղ քիչ է եղել առավոտյան մասնակցությունը, ՔՊ-ի ձայներն են շատ, «Հայաստանինը»՝ քիչ: Սա թեև ուղղակի ապացույց չէ, դատարանում չի կարող օգտագործվել, բայց առնվազն վկայություն է, որ առավոտյան կուտակումները, հավանաբար, հենց «Հայաստան» դաշինքի ընտրողներն էին, որոնց վարքը ստանդարտ չէր»:
Մանրամասները`սկզբնաղբյուր կայքում:




