Հուլիսի 8-ին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը հայտարարեց, որ ինքը լինելու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչը Սահմանադրական դատարանում,
Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշմամբ՝ «Քաղաքացիական պայմանագիր»–ը հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքները վիճարկելու գործով ներգրավվել է որպես երրորդ անձ:
«Ընտրություններն անվավեր ճանաչելու որեւէ հիմք չկա ։Մենք կարող ենք անել ընդամենը մեկ պարզ վարժություն: ԵԱՀԿ ԺՄԻԳ-ի նախնական եզրակացությունները կարող ենք բացել, կարդալ, թե այնտեղ ինչ գնահատական է տրվում ընտրություններին եւ համեմատել, օրինակ, 2017 թվականի կամ դրանից առաջ տեղի ունեցած ընտրությունների գնահատականների հետ: Կտեսնեք, թե ինչ էական տարբերություն է լինելու»,- նշեց Ռուստամ Բադասյանը:
Նրա կարծիքով՝ վերջին ընտրությունները եղել են ժողովրդավարության լավագույն չափանիշներին համապատասխան, անցել են արդար մրցապայքարում. «Այս ընտրությունների կապակցությամբ բոլորս պետք է իրար շնորհավորենք, որովհետեւ սա իշխանության կամ ընդդիմության ձեռքբերումը չէ, սա բոլոր քաղաքացիների ձեռքբերումն է»,- եզրափակեց արդարադատության նախարարի պաշտոնակատարը:




