Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը նախագահությամբ դատավոր Գագիկ Պողոսյանի , քննարկելով Քաջանարի քաղաքապետ Մանվել Փարամազյանի ձերմակալման իրավաչափության և նրա նկատմամբ խափանման միջոց կալանք կիրառելու հարցը և որոշում կայացրեց Մհեր Փարամազյանի ձերբակալումը ոչ իրավաչափ ճանաչել և վերջինիս նկատմամբ կալանք կիրառել 2 ամիս ժամկետով, բայց «Երևան կենտրոն» քրեակատարողական հիմնարկ տեղափոխվեց ոչ թե ոմն Մհեր, այլ Մանվել Փարամազյանը: Այս մասին այսօր Tert.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Լուսինե Սահակյանը: «Դատարանը որոշման մեջ գրել է, որ կալանքը ընդունում է Մհեր Փարամազյանի նկատմամբ, թե ինչպես են քրեակատարողական հիմնարկում ընդունել Մանվել Փարամազյանին, անհայտ է:
Դատարանը ակնհայտ ապօրինի ակտ է ներկայացրել և առաջադրված մեղադրանքներով որևէ ապացույց չի ներկայացրել»,- ասաց Լուսինե Սահակյանը: Ըստ փաստաբանի, ներկայացված փաստաթղթերից ոչ մեկով չի հիմնավորվում հիմնավոր կասկածի մակարդակով, որ Փարամազյանը առնչություն ունի որևէ հանցագործության հետ:
«Չնայած այս հանգամանքներին, Գագիկ Պողոսյանը որոշում կայացրեց, որ հիմնավոր կասկածը արդար է, և նաև հիմքերն են առկա: Փարամազյանը հիմա կալանավորված է, բայց մեր կողմից բողոք է ներկայացվելու վերաքննիչ դատարան»,- նշեց փաստաբանը:




