Գլխավոր Մարզեր ԿՈՏԱՅՔ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը ՏԿԵ նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանի հետ այցելել են...

Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը ՏԿԵ նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանի հետ այցելել են Կոտայքում կառուցվող սանիտարական աղբավայրի շինհրապարակ

0

Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հետ շրջել է Հայաստանում կառուցվող առաջին սանիտարական աղբավայրի շինհրապարակում, ծանոթացել շինարարության աշխատանքների ընթացքին, շինարարների հետ քննարկել աշխատանքների իրականացման ընթացքը։

Աղբավայրը կառուցվում է Կոտայքի մարզում՝ Հրազդանի վարչական տարածում, Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև ստորագրված «Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի» իրականացման համաձայնագրի շրջանակում:

Նոր աղբավայրի տարածքում ներկայում ընթանում են թափոնների հեռացման համար անհրաժեշտ շինարարական աշխատանքներ, տեղադրվում են կեղտաջրերի հեռացման և գազի հավաքման խողովակներ, ընթացքի մեջ են վտանգավոր թափոնների պահեստի, աղբատար մեքենաների կշռման համար համապատասխան ենթակառուցվածքների և երթուղու համար նոր ճանապարհահատվածի կառուցման աշխատանքները։

Հիշեցնենք, որ «Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի» շրջանակում նախատեսվում է կառուցել ԵՄ չափանիշներին ու ստանդարտներին համապատասխան սանիտարական աղբավայր՝ իր բոլոր ենթակառուցվածքներով՝ այդ թվում հողի, ստորգետնյա ջրերի և օդի աղտոտվածության բացառման համար նախատեսված ենթակառուցվածքներով, ինչպես նաև ադմինիստրատիվ շենքերով ու ճանապարհային ուղիներով։ Երկու մարզի բնակավայրերում կներդրվի աղբահանության արդյունավետ համակարգ, Կոտայքի մարզի Ակունք և Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքներում կկառուցվեն աղբի փոխաբեռնման կայաններ։

Ծրագրի ընդհանուր բյուջեն 11,0 մլն եվրո է, որից 5,5 մլն եվրոն հանդիսանում է վարկային միջոց, 5,5 մլն եվրոն` դրամաշնորհ: Շինարարությունը համաֆինանսավորվում է Եվրոպական միության, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, Արևելյան Եվրոպայի էներգախնայողություն և շրջակա միջավայրի գործընկերություն հիմնադրամի (E5P) , Եվրոպական հարևանության ներդրումային հիմնադրամի (NIF) կողմից:

Շինարարությունը նախատեսվում է ավարտել 2022 թվականին։

Կոտայքի մարզպետարան

Մեկնաբանել