Գլխավոր Հասարակություն Չավուշօղլուն եւ Միրզոյանը հանդիպել են Անթալիայում (տեսանյութ)

Չավուշօղլուն եւ Միրզոյանը հանդիպել են Անթալիայում (տեսանյութ)

0

Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն շաբաթ օրը Անթալիայում հանդիպել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ, հայտնում է Անադոլու գործակալությունը: Բանակցությունները տեղի են ունեցել Անթալիայում՝ երկրորդ դիվանագիտական ​​ֆորումի շրջանակներում, եւ տեւել մոտ կես ժամ։

Քննարկվել են Անկարայի եւ Երեւանի միջեւ հարաբերությունների կարգավորման ուղիները։

Մեւլութ Չավուշօղլուն բանակցություններն անվանել է «շատ կառուցողական եւ արդյունավետ»։

«Քննարկվել են երկկողմ հարաբերությունների լիարժեք կարգավորմանն ուղղված քայլերը։ Ուզում եմ գոհունակությամբ փաստել, որ մենք ջանքեր ենք գործադրում Կովկասում խաղաղության հաստատման համար։ Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ քայլերը դրական են ընկալվում նաեւ Ադրբեջանի կողմից։ Բաքուն աջակցում է այս գործընթացին։ Տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը համապատասխանում են բոլոր կողմերի շահերին»,- ասել է թուրք նախարարը։

Չավուշօղլուն հիշեցրել է, որ Թուրքիայի եւ Հայաստանի հատուկ ներկայացուցիչները նախկինում երկու հանդիպում են անցկացրել հարաբերությունները կարգավորելու նպատակով։

Միրզոյանն իր հերթին հայտարարել է, որ հայկական կողմը պատրաստ է շարունակել գործընթացը առանց նախապայմանների։

Հայկական դիվանագիտության ղեկավարը նշել է, որ Երեւանը վճռական է Հարավային Կովկասում խաղաղության եւ կայունությանն ուղղված ջանքերի հարցում։

«Դիվանագիտության վերակառուցում» կարգախոսով ֆորումը մարտի 11-ից 13-ը ընթանում է Անթալիայի Բելեկ քաղաքում:

Անթալիայում անցկացվող դիվանագիտական ​​ֆորումին մասնակցում են 17 երկրների պետությունների եւ կառավարությունների ղեկավարներ, 80 նախարար, 39 միջազգային կազմակերպությունների պատվիրակություններ։

Մեկնաբանել