Կառավարությունը որոշել է վերաբաշխում, փոփոխություն եւ լրացումներ կատարել «ՀՀ 2022թ. պետական բյուջեի մասին» օրենքում, փոփոխություններ եւ լրացումներ՝ ՀՀ կառավարության 2021թ. դեկտեմբերի 23-ի 2121-Ն որոշման մեջ եւ գումար հատկացնել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությանը:
Ներկայացնելով նախագիծը՝ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը զեկուցել է, որ նախատեսվում է Կառավարության պահուստային ֆոնդից ԿԳՄՍ-ին հատկացնել 67 մլն 125 հազար դրամ գումար, որից 60 մլն 60 հազար դրամն ուղղվելու է Կապան խոշորացված համայնքի 13 բնակավայրում կրթահամալիրների ստեղծմանը, նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակմանը եւ փորձաքննության ծառայությունների ձեռքբերմանը: 13 բնակավայրերից 8-ում` Աճանանում, Օխտարում, Արծվանիկում, Գեղանուշում, Սյունիքում, Եղեգում, Ծավում եւ Ճակատենում կիրականացվի կրթահամալիրների վերակառուցում, Ներքին Հանդում եւ Շիկահողում կկառուցվեն կրթահամալիրներ, Վերին Խոտանանում, Դավիթ Բեկում եւ Եղվարդում՝ կկառուցվեն մոդուլային շենքեր: Նախատեսվում է ունենալ արդիական շենքային եւ գույքային պայմաններ՝ համապատասխան լաբորատորիաներով, մարզադահլիճներով, որտեղ կկազմակերպվեն նախադպրոցական, դպրոցական եւ լրացուցիչ կրթական ծրագրեր՝ ըստ համայնքների կարիքների:
Կրթահամալիրներից 7-ը կծառայեն նաեւ շրջակա բնակավայրերի երեխաների համար, որի նպատակով կգործարկվի 8 երթուղի՝ հատուկ այդ նպատակով գնվող տրանսպորտային միջոցներով եւ ուղեկցորդներով: Արդեն իսկ աշխատանք են տարվել Սյունիքի մնացած՝ 7 խոշորացված համայնքում նույն ծրագրի իրականացման համար: Նախարարը հայտնել է, որ Սյունիքի մարզի եւս 3 դպրոց՝ Սիսիանի թիվ 1 հիմնական դպրոցը, Կապանի թիվ 9 ավագ դպրոցը եւ Գորիսի թիվ 4 ավագ դպրոցը, ներառվել են 300 դպրոցների ցանկում, իսկ Կապան խոշորացված համայնքում քննարկվում է նաեւ «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի աջակցությամբ սմարթ կենտրոնի կառուցման հնարավորությունը:
Վարչապետ Փաշինյանը նկատել է՝ Սյունիքի կրթական միջավայրի կազմակերպման հարցում Կառավարությունն անցնում է նախագծման փուլին, եւ միջոցները տրամադրվում են այդ նպատակով: «Սա խնդիր է, որը շատ երկար ժամանակ Հայաստանի Հանրապետությունում գոյություն ունի, եւ հարցը կրթության հասանելիության մասին է: Գիտեք, ամենատարբեր ժամանակներում ամենատարբեր լուծումներն են առաջարկվել, սկսվել է դպրոցների օպտիմալացման ծրագիրը, այլ ծրագրեր են իրականացվել, հետո թեւակոխել ենք ֆինանսավորման բանաձեւի փնտրտուքի փուլ, մեկ աշակերտի հաշվով ֆինանսավորման համակարգ, բայց, այնուամենայնիվ, կարծում ենք, որ գտել ենք մոդել, որով իսկապես կարողանալու ենք կրթության հասանելիությունը նույնիսկ ամենահեռավոր բնակավայրերում ապահովել:
Խոսք է գնում կոնկրետ կրթական շենքերի կառուցումը մեկնարկելու մասին, բայց ցանկանում եմ մեր բոլորի ուշադրությունը հրավիրել, որ սա կոմպլեքս ծրագիր է: Այո, շենքային ենթակառուցվածքները շատ կարեւոր են, կրթական բովանդակության հարցը մենք լուծել կամ լուծում ենք, բայց, պարոն Սանոսյան եւ պարոն Մաթեւոսյան, եթե զուգահեռ մենք այս բոլոր ենթակառուցվածքներն իրար կապող ճանապարհներ չունենանք՝ ոչ թե նորմալ, այլ լավ ճանապարհներ, այս ծրագիրը չի իրագործվի: Այսինքն՝ սա միայն կրթական ծրագիր չէ, ենթակառուցվածքային ծրագիր է, եւ այս առումով էլ շատ կարեւոր է, որ Սյունիքում ճանապարհաշինական լայն ծրագիր ենք իրականացնում»,–ասել է նա:




