2016 թվականի Ապրիլյան պատերազմի հերոսների հիշատակին հարգանքի տուրք է մատուցվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում: Նահատակված զինվորների շիրիմներին ծաղիկներ են խոնարհել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:
Հիշեցնենք, որ ուղիղ 5 տարի առաջ 2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմը Արցախի Հանրապետության նկատմամբ սկսեց լայնածավալ հարձակողական գործողություններ, կիրառելով իր զինանոցում եղած ռազմական տեխնիկայի գրեթե բոլոր հնարավոր տեսակները: Ապրիլի 2-5-ը մարտեր ընթացան շփման գծի ողջ երկայնքով, առավել թեժ մարտեր ընթացան ռազմաճակատի վերածված առաջնագծի հարավային (Հադրութ) եւ հյուսիսարեւելյան (Մարտակերտ) ուղղություններով։ Վերջնական տվյալներով` հայկական կողմից ռազմական գործողությունների հետեւանքով զոհվել է 110 եւ վիրավորվել 121 զինծառայող եւ կամավորական:




