Վիեննայում այսօր՝ մայիսի 3-ին, հանդիպել են Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանը եւ Սերդար Քըլըչը:
Արտաքին գործերի նախարարությունից հայտնում են, որ հայ եւ թուրք բանագնացները վերահաստատել են այս գործընթացի միջոցով երկու երկրների միջեւ լիարժեք կարգավորման հասնելու նպատակը:
«Այս առնչությամբ նրանք ունեցել են հստակ տեսակետների անկեղծ ու արդյունավետ փոխանակում եւ քննարկել հնարավոր քայլերը, որոնք կարող են ձեռնարկվել այս ուղղությամբ` շոշափելի առաջընթացի հասնելու համար։ Նրանք վերահաստատել են իրենց համաձայնությունը՝ շարունակելու գործընթացը առանց նախապայմանների», – ասված է հաղորդագրության մեջ։
Այսօրվա հանդիպումը արդեն երրորդն է հայ-թուրքական հարաբերությունների հարցով հատուկ բանագնացների նշանակումից ի վեր: Ռուբեն Ռուբինյանը եւ Սերդար Քըլըչը առաջին անգամ հանդիպել էին հունվարին Մոսկվայում, այնուհետեւ՝ փետրվարին Վիեննայում: Երկու հանդիպումների արդյունքում բանագնացները պայմանավորվել էին շարունակել գործընթացը՝ առանց նախապայմանների:
Ու չնայած թուրքական կողմը պնդում է, թե եկել է բանակցությունները Երեւան ու Անկարա տեղափոխելու ժամանակը, այս հանդիպումը եւս, հայկական կողմի առաջարկով երրորդ երկրում կայացավ:




