Մի քանի օր է, ինչ սոցցանցերում ակտիվ իրազեկվում է «Սահմանամերձ համայնքների զբաղվածության ապահովման հիմնադրամի» գործունեության մասին։ Ըստ հիմնադրամի ֆեյսբուքյան էջի՝ հիմնադրամը նախատեսում է Սյունիքի մարզի սահմանամերձ համայնքներում նախաձեռնել եւ իրականացնել զբաղվածության ապահովմանը միտված ծրագրեր։ Առաջին ծրագրերից մեկը կյանքի է կոչվելու Գեղանուշ գյուղում։ Արդեն ձեռք է բերվել շինություն՝ կարի արտադրամաս ստեղծելու նպատակով։
Արտադրամասում կաշխատի 7 կին, իսկ նորագույն սարքավորումների ձեռքբերման արդյունքում անձնակազմի թիվը կաճի եւս 4 հոգով: Ներկայում ընթացքի մեջ են կարի արտադրամասի շենքի նորոգման աշխատանքները։
Marzer.am-ի տեղեկություններով նախաձեռնության հեղինակը Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանինն է։ Իսկ հիմնադրամին ֆինանսական աջակցություն են ցույց տալու նրա ընկերները։ Մեզ հետ ունեցած հեռախոսազրույցում պատգամավորը ոչ հաստատեց, ոչ հերքեց տեղեկությունը։ «Գիտեք, կարեւոր չի՝ ումն է նախաձեռնությունը։ Կարեւորը, որ բարի մադկանց կամքով գեղեցիկ նախաձեռնություն է, ու սահմանամերձ Գեղանուշում կստեղծվի եւս մի քանի նոր աշխատատեղ»,-ասաց Դավիթ Դանիելյանը։
Ի դեպ, հիմնադրամի կարգախոսն է «Ուժեղ համայնք, ուժեղ հասարակություն»։



