Սիրելի ժողովուրդ, սիրելի հայրենակիցներ,
Այսօր մենք նշում ենք Հայաստանի Հանրապետության անկախության 32-րդ տարեդարձը: Անկախությունը, անկախ պետություն ունենալը, ցանկացած ժողովրդի ինքնարտահայտման բարձրագույն ձեւն է, եւ շատ հաճախ տրվում է բազմաթիվ փորձությունների ու տառապանքների գնով:
Սա ճշմարտություն է նաեւ մեր պարագայում. 1991 թվականի սեպտեմբերի 21-ի հանրաքվեում Հայաստանի Հանրապետության ժողովուրդը «Այո» ասաց Անկախությանը: Բայց ինչպես հետագայում պարզվեց, սա Անկախության ճանապարհի ամենահեշտ մասն էր: Հայաստանի Հանրապետության ժողովուրդը հետագայում ստիպված եղավ առերեսվել տնտեսական ու քաղաքական ճգնաժամերի, պատերազմների եւ աղքատության հետ: Այս հորձանուտում եւ փորձություններով անցնելիս է, որ հասկացանք, որ անկախություն հռչակելը մի խնդիր է, այն նվաճելն ու ամրապնդելը՝ բոլորովին այլ:
Վերջին տարիներին մեր կրած տառապանքներն ու փորձությունները Հայաստանի Հանրապետության անկախության ու ինքնիշխանության համար մղվող պայքարի անբաժանելի մաս են: Վերջին շրջանում հաճախ եմ քննադատվում այն բանի համար, որ արտաքին եւ տարածաշրջանային քաղաքականություն վարելիս հենվում եմ 1991 թվականի դեկտեմբերի Ալմա-Աթայի հռչակագրի եւ դրա հետ փոխկապակցված փաստաթղթերի վրա, որ ստորագրվել են նաեւ Հայաստանի Հանրապետության կողմից:
Շատերն ուղղակի եւ անուղղակի կոչ են անում հրաժարվել այդ փաստաթղթի վրա հիմնված քաղաքականությունից: Խնդիրն այն է, որ Ալմա-Աթայի հռչակագիրը եւ նրա հետ փոխկապակցված փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության անկախության հիմնարար գործոններից են, որով արձանագրվում է նախկին ԽՍՀՄ հանրապետություններից 12-ի, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության Խորհրդային Միությունից անկախացման քաղաքական եւ իրավական հիմքը, ինչպես նաեւ այդ անկախացման հիմնարար սկզբունքները:
Եվ հետեւաբար, այդ փաստաթղթի վրա հենված քաղաքականությունից հրաժարվելու մասին կոչերը Հայաստանի անկախությունից, ինքնիշխանությունից, տարածքային ամբողջականությունից հրաժարվելու կոչեր են՝ սրանից բխող բոլոր հետեւանքներով:
Սիրելի ժողովուրդ, սիրելի հայրենակիցներ,
Այսօր մենք ապրում ենք դժվար ժամանակներ, կրում ֆիզիկական եւ հոգեբանական անասելի տառապանքներ: Բայց կարեւոր է հասկանալ, թե ինչու՞ պիտի անցնենք փորձությունների այս ճանապարհը: Ասել, թե հանուն Անկախության՝ նշանակում է ասել ճշմարտության թեկուզ մեծ, բայց ոչ ամենակարեւոր մասը: Որովհետեւ, անկախությունը որքան էլ բարձրագույն նպատակ է, իրականում միջոց է ավելի վեհ մի նպատակի իրագործման: Խոսքն ապագայի մեր սերունդների երջանկության մասին է:
Մենք պիտի նրանց ժառանգենք մի Հայաստան, որտեղ մարդն ազատորեն կարող է ինքնարտահայտվել, ազատ եւ ստեղծագործ աշխատանքի միջոցով կառուցել սեփական երջանկությունը:
Այսօր էլ Հայաստանում հաստատված են սրան նպաստող բազմաթիվ պայմաններ. ժողովրդավարությունը, տնտեսական եւ որեւէ օրինական գործունեության ազատությունը, օրենքի առաջ բոլորի հավասարությունը, հակակոռուպցիոն սկզբունքային քաղաքականությունը, տնտեսական ակտիվությունը դրա համար անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայմաններ են:
Այդ պայմանների ամբողջականացման համար անհրաժեշտ է խաղաղություն, այսինքն՝ հակամարտություններից զերծ միջավայր: Խաղաղությունը մի գործոն է, որն ապահովում եւ երաշխավորում է անվտանգությունը, ինչպես նաեւ անկախությունն ու ինքնիշխանությունը:
Շատերը կարծում են, որ տարածաշրջանային այս լարված միջավայրում, ժամանակ առ ժամանակ բռնկվող ռազմական բախումների պայմաններում խաղաղության մասին խոսելը համարժեք չէ: Բայց առավել եւս այս պայմաններում խաղաղությունը պետք է արժեւորվի, եւ խաղաղությունն ամենեւին չպետք է շփոթենք զինադադարի կամ հրադադարի հետ: Խաղաղությունը մի միջավայր է, որը զերծ է հակամարտություններից, միջպետական, ազգամիջյան կոնֆլիկտներից:
Այս ճանապարհը հեշտ չէ, այն անցնում է արտաքին եւ ներքին ցնցումների միջով, եւ մենք պետք է անցնենք այդ ճանապարհը՝ հանուն անկախության, հանուն պետականության, հանուն ապագայի:
2021 թվականի ամռանը ձեր քվեով Հայաստանի Հանրապետության վարչապետ ընտրվեցի «Ապագա կա՛» կարգախոսով: Հայաստանի Հանրապետության խաղաղ, ժողովրդավար, բարեկեցիկ, ստեղծարար եւ երջանիկ ապագան այն նպատակն է, հանուն որի կրում ենք այս փորձությունները, հանուն որի քայլում ենք այս ճանապարհով:
Շնորհավորում եմ բոլորիս Անկախության օրվա առիթով:
Փառք նահատակներին եւ կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը:
Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը։




