
Լոռու նորանշանակ մարզպետ Արամ Խաչատրյանն այսօր հանդիպեց մարզի մշակութային կենտրոնների տնօրենների հետ: Կարեւորելով մտավորականության հետ հանդիպումը՝ Արամ Խաչատրյանը ցանկություն հայտնեց հենց նրանցից տեղեկանալ ոլորտում առկա խնդիրների, ինչպես նաեւ լուծման ուղիների մասին:
Գրող, թարգմանիչ Խորեն Գասպարյանը նախ շնորհավորեց Արամ Խաչատրյանին մարզպետ նշանակվելու կապակցությամբ, ապա հույս հայտնեց, որ մշակույթի ոլորտի ու ստեղծագործող մարդկանց հետ սերտ համագործակցություն կլինի։ «Ես հույս ունեմ, որ իմ ու քո չի լինի, քաղաքական համակրանք ու հակակրանք չի լինի, եւ պետք է, որ այս փոքր քաղաքում ու երկրում իմ ու քո չլինի: Շատ կարեւոր են մարդկանց ոչ այնքան քաղաքական կողմնորոշումները, որքան մարդկային արժեքները, եւ փորձենք մեր մարզում, որպես հայ, կարողանանք միասնական ներդրում ունենալ»,- ասաց Խորեն Գասպարյանը:

Ի պատասխան՝ մարզի ղեկավարը վստահեցրեց՝ անկախ քաղաքական հայացքներից, պատրաստ է համագործակցել բոլորի հետ. «Ես պատրաստ եմ, որպես գործադիր մարմնի ներկայացուցիչ, ականջալուր լինել կառուցողական քննադատություններին, բայց՝ ոչ ուղղորդված ու անձնական շահերից ելնելով»:
Ստեփան Զորյանի տուն-թանգարանի տնօրեն Ջիվան Սարգսյանին մտահոգում է այն հանգամանքը, որ համաքաղաքային մեծ միջոցառումներին հիմնականում մասնակցում են Երեւանի երգիչ-երգչուհիներն ու այլ խմբեր, մինչդեռ Վանաձորի ոչ մի արտիստ կամ պետական խումբ չի մասնակցում. «Մշակույթի նախարարությունը Դսեղում Թումանյանի օր միջոցառում արեց, մարզից ոչ մի անհատի կամ խմբի չէր ներառել, երբ աղմուկ բարձրացավ, վերջին պահին ավելացրեցին «Հորովելին» ու երգի պարի պետական թատրոնին»: «Երեւանից կազմում են ծրագիր, իրենց աստղերին վերցնում են, գնում նշում Վանաձորի օրը, Գյումրու օրը կամ Դսեղում Թումանյանական օրը, մինչդեռ ցանկանալի կլիներ, որ առաջին պլանում հենց մեր արտիստները լինեին»:
Մարզի ղեկավարը ասվածին համաձայն չէր, չնայած խոստացավ՝ հարցը կքննարկվի ոլորտի պատասխանատուների հետ։ «Մարզը մեծ պոտենցիալ ունի, որը միանշանակ պետք է օգտագործվի»,- հավելեց նա:
Շարունակելով խոսել խնդիրներից՝ Ջիվան Սարգսյանն անդրադարձավ նաեւ մեկ խնդրի, ըստ որի՝ արտերկրում համերգներով հանդես են գալիս հիմնականում երեւանյան խմբերը, մինչդեռ մարզերն էլ պետք է պետական մակարդակով ուշադրության արժանանան. «Միշտ լսում ենք, որ այսինչ խումբը հանդես եկավ արտերկրում այսինչ միջոցառմանը, պետք է հատուկ շեշտվածություն լինի, որ նախարարությունը չառաջնորդվի միայն Երեւանով: Ունենք կամերային հրաշալի երգչախումբ, բայց չեմ հիշում, որ երբեւէ արտասահմանում ելույթ ունեցած լինի, փաստորեն, պարտադիր պետք է Երեւանից լինեն»:
Մարզպետ Արամ Խաչատրյանը, լսելով բարձրաձայնված հարցերն ու խնդիրները, խոստացավ հետամուտ լինել դրանց լուծմանը, իսկ այն հարցերը, որոնք մարզպետարանի տիրույթում չեն, քննարկել Կառավարության հետ: Նաեւ խոստացավ, որ նման հանդիպումները կլինեն պարբերաբար: Վստահեցրեց՝ ամեն ինչ արվելու է, որ մարզի մշակութային կյանքը ակտիվանա: