Հայաստանի Պրեմիեր լիգայի ներկայացուցիչ Վանաձորի «Լոռին» և Առաջին խմբում հանդես եկող «Սևանը», ՖԻՖԱ-ի որոշմամբ, զրկվել են նոր ֆուտբոլիստներ գրանցելու իրավունքից, hաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:
2020 թ. սեպտեմբերի 24-ին ՖԻՖԱ-ի Վեճերի Լուծման Պալատը (ՖԻՖԱ ՎԼՊ) որոշում էր կայացրել ֆուտբոլիստ Դարկո Ենոքի և «Վանաձորի Ֆուտբոլի Ակադեմիա» ՀԿ-ի միջև առկա վեճի վերաբերյալ: Վերոնշյալ որոշումը պարտավորեցնում էր «Վանաձորի Ֆուտբոլի Ակադեմիա» ՀԿ-ին 45 օրվա ընթացքում կատարել համապատասխան վճարումները կամ 10-օրյա ժամկետում ՖԻՖԱ-ից պահանջել որոշման հիմքերը՝ հետագա բողոքարկման նպատակով: Նշված վճարումը ժամանակին չկատարելու դեպքում ակումբը կանգնում է հետևյալ խնդիրների առջև.
1.3ամբողջական և հաջորդական գրանցման ժամանակահատվածների ընթացքում զրկվում է նոր ֆուտբոլիստներ գրանցելու իրավունքից (թե՛ ներքին, թե՛ միջազգային կարգով): Արգելքը վերանում է միայն այն պարագայում, երբ ակումբը կատարում է համապատասխան վճարումը և ՖԻՖԱ-ին ու ՀՖՖ-ին է ներկայացնում վճարման անդորրագիրը:
2. Մինչև 3 ամբողջական և հաջորդական գրանցման ժամանակահատվածների ավարտը վճարումը չկատարելու դեպքում նշված վարույթը, ըստ պահանջի, կուղղորդվի ՖԻՖԱ-ի Կարգապահական կոմիտե:
10-օրյա ժամկետում ՖԻՖԱ-ից որոշման հիմքերը չպահանջելու պարագայում ՖԻՖԱ ՎԼՊ-ի կայացրած որոշումը ստանում է վերջնական ուժ, և կողմերը զրկվում են իրենց բողոքարկման իրավունքից:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Վանաձորի Ֆուտբոլի Ակադեմիա» ՀԿ-ն առ այսօր չի կատարել ՖԻՖԱ-ի որոշումով պահանջվող վճարումները, ինչպես նաև սահմանված վերջնաժամկետում ՖԻՖԱ-ից չի պահանջել որոշման հիմքերը՝ վերջինս իրավասու չէ գրանցել նոր ֆուտբոլիստներ թե՛ միջազգային և թե՛ ներքին կարգով 3 ամբողջական և հաջորդական գրանցման ժամանակահատվածների ընթացքում՝ սկսած ս/թ փետրվարի 1-ից: Վերոնշյալ արգելքը կվերանա այն պահից ի վեր, երբ ակումբը կկատարի համապատասխան վճարումները և ՖԻՖԱ-ին ու ՀՖՖ-ին կներկայացնի նշված վճարումների անդորրագրերը: