Կոտայքի մարզպետարանը՝ Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանի հետ համատեղ Կոտայքի մարզում կիրականացնի մի շարք կրթական ծրագրեր։
Մասնավորապես, տուն–թանգարանի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանի ներկայացմամբ՝ Կոտայքի մարզի հանրակրթական դպրոցներում նախատեսում են անցկացնել աբովյանական թեմատիկայով օլիմպիադաներ, կազմակերպել աշակերտների ամենամյա այցելություն հայ ականավոր գրողի տուն-թանգարան, որտեղ կծանոթանան Խ․ Աբովյանի կյանքին, գրական գործունեությանը եւ ոչ միայն։
Ողջունելով նախաձեռնությունը՝ մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանը հույս է հայտնել, որ այս հանդիպումը մարզպետարանի եւ թանգարանի միջեւ համագործակցության միայն սկիզբն է, նմանօրինակ ծրագրերը շարունակական բնույթ կկրեն՝ ի նպաստ երեխաների կրթության եւ զարգացման։
«Պետք է հասնենք ծրագրի իրական նպատակին։ Երեխաները ճանաչեն Խաչատուր Աբովյանին բազմակողմանի, ոչ միայն որպես գրող։ Այս ծրագրերը չպետք է որպես ժամանց լինեն, պետք է անենք այնպես, որ մարդիկ երազեն նորից հանդիպել միմյանց Աբովյանի տուն-թանգարանի այգում»,- շեշտել է մարզպետ Մեսրոպյանը։
Սյուզաննա Խոջամիրյանն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել մարզպետին համագործակցության համար՝ նշելով, որ պատրաստ են ներուժի չափով անել ամենը՝ վերոնշյալ ծրագրերի բուն նպատակի իրագործման համար։
«Փորձելու ենք Աբովյանի միջոցով դպրոցականներին կապել գրականությանը, պատմությանը, հայրենիքին»,- ասել է տուն-թանգարանի տնօրենը։
Հանդիպմանը ներկա մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Արամ Խաչատրյանն ու մշակույթի բաժնի պետ Արայիկ Սիմոնյանը ներկայացրել են իրենց առաջարկները։ Մարզպետի հանձնարարությամբ՝ վերջիններս կսերտացնեն համագործակցությունը թանգարանի աշխատակիցների հետ՝ առաջիկա ամիսներին նախատեսված ծրագրերը կյանքի կոչելու համար։