Գլխավոր Մարզեր ԿՈՏԱՅՔ Նախարարը զարմացած է, որ Աբովյանի թիվ 1 ավագ դպրոցում բողոքի ակցիա է

Նախարարը զարմացած է, որ Աբովյանի թիվ 1 ավագ դպրոցում բողոքի ակցիա է

0

Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանը շատ զարմացած է, որ Աբովյանի թիվ 1 ավագ դպրոցի անձնակազմն ու աշակերտները եկել էին ԿԳՄՍ նախարարության շենքի մոտ եւ բողոքում էին։ «Ինչի՞ց են բողոքում, մամուլից հասկացա, որ ասում են՝ եկել ենք, պայքարենք անարդարության դեմ»,–ասաց նախարարը՝։ փետրվարի 10-ին, Ազգային ժողովում՝ լրագրողների հետ  ճեպազրույցի ժամանակ։

Հիշեցնենք, որ արդեն մի քանի օր է, ինչ Աբովյանի թիվ 1 ավագ դպրոցում գործադուլ եւ դասադուլ է։ Բողոքավորները պահանջում են տնօրենի պաշտոնում վերականգնել նախկին տնօրենին, որը նույնպես հաղթել է մրցույթում։

«Իրենք պնդում էին, որ գիտեն, թե ով պետք է նշանակվի դպրոցի տնօրեն, բայց ես չգիտեի: Ես հարցին նոր էի ծանոթանում։ Ես երկու թեկնածուներին բացարձակապես չեմ ճանաչում, տվյալներ չունեի նրանց մասին։ Երբ ծանոթացա խնդրին, իմացա, որ երկու թեկնածուներն էլ 4–ական ձայն են ստացել,  ասացի, որ այս մրցույթն պետք է ճանաչել անվավեր, չկայացած, բայց ինձ ասացին, որ գործող կարգը դա թույլ չի տալիս, եւ պետք է երկուսից մեկին պարտադիր հրամանագրել: Բայց այդ ընթացքում այն ինչ ես տեսա, որ կանխակալ եկել էին, քաղաքականացված ինչ–որ հայտարարություններ էին անում, հասկացա, որ նման պնդումներն ու վերաբերմունքը տեղ չպետք է ունենան դպրոցական հանրության մեջ»,–ասաց Դումանյանը։

Այն հարցին, որ  նոր տնօրենին կապում են շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի  ընտանիքի հետ, նախարարը նշեց, որ տեղյակ չէ «ով ում հետ ինչ է կապում»։ «Դուք ասում եք՝ այս տնօրենը կապվում է այս գործչի հետ, այն օրը լրագրողներից մեկն ինձ հարց տվեց, իսկ մյուս տնօրենն էլ կապվում է այլ գործչի հետ, նման տեղեկություն ես չունեմ, ու դա հետաքրքիր չէ, բացարձակ: Անձնական հարաբերությունների դաշտն ինձ հետաքրքիր չէ»,–ասաց նախարարը։։

Վահրամ Դումանյանը վստահ է, որ դպրոցներում չկան հովանավորչություն եւ կոռուպցիա։

«Ես չեմ կարող աղմկողների անունից՝ խոսել, հավանաբար նրանց աղմկացնում են: Իհարկե այս աղմուկը հիմնավոր չէ, որովհետեւ ամեն ինչ արվել է օրենքի համաձայն: Եթե կան մարդիկ, որ համարում են, որն ինչ-որ բան եղել է անօրինական, թող դիմեն իրավական լուծումներ ստանան: Բայց գալ, փորձել ճնշում գործադրել նախարարության, աշակերտների վրա, չի կարելի»,–նշեց նախարարը:

Ինչ վերաբերում է նրան, որ արդեն քանի օր դասադուլ է այդ դպրոցում, Դումանյանն ասաց, որ իրենք ամեն ինչ կանեն, որ աշակերտներն ստանան իրենց կրթությունը, բաց թողած դասերը կլրացվեն։

Մեկնաբանել