Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանն աշխատանքային այցով եղել է մարզի Աբովյան քաղաքում՝ կատարված աշխատանքներն ամփոփելու եւ առաջիկա անելիքները քննարկելու նպատակով:
Քաղաքապետարանում կայացած խորհրդակցությանը մասնակցել են Աբովյանի քաղաքապետ Վահագն Գեւորգյանը, մարզպետի խորհրդական Սեւակ Տիգրանյանը, մարզպետարանի եւ քաղաքապետարանի տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ:
Ողջունելով ներկաներին՝ մարզպետն ընդգծել է նմանօրինակ հանդիպում-քննարկումների հաճախականության կարեւորությունն ու մարզպետարան-համայնք սերտ համագործակցությունը, որի արդյունքում վեր կհանվեն համայնքային խնդիրներն ու կքննարկվեն դրանց լուծմանն ուղղված քայլերը:
Անդրադառնալով նախորդ տարվա ընթացքում կատարված աշխատանքներին՝ քաղաքապետ Վահագն Գեւորգյանը նշել է, որ վերջին տարիներին քաղաքային համայնքի բյուջե մուտքերն ավելացվել են:
Ըստ քաղաքապետի՝ 2020 թվականի ընթացքում համայնքում իրականացվել են մոտ 400 մլն ՀՀ դրամի կապիտալ շինարարական աշխատանքներ:
Նշվել է, որ տարբեր ծրագրերով Աբովյանում նախորդ տարի իրականացվել են ներհամայնքային փողոցների ասֆալտապատման, այգիների, խաղահրապարակների, պուրակների բարեկարգման, լուսավորության համակարգի անցկացման, մանկապարտեզի գույքի ձեռքբերման եւ այլ աշխատանքներ:
Քաղաքն ամբողջությամբ անցում է կատարել գիշերային լուսավորության՝ LED լուսատուներով:
Ներկայացնելով 2021 թվականին նախատեսվող աշխատանքները՝ քաղաքապետը նշել է, որ ծրագրվում է մոտ 800 միլիոն ՀՀ դրամի կապիտալ շինարարական աշխատանքներ:
Համայնքի կողմից սուբվենցիոն 3 ծրագրային հայտ է ներկայացվել կառավարության միջգերատեսչական հանձնաժողովի քննարկմանը:
Համայնքապետի խոսքով՝ քաղաքային համայնքում ակտիվ է նաեւ մշակութային, սպորտային կյանքը:
Այս համատեքստում մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանն ընդգծել է, որ մշակույթի տները, երաժշտական դպրոցները պետք է գործեն որպես կրթօջախներ, այլ ոչ թե երեխաների համար ծառայեն որպես ժամանացի վայրեր:
Քննարկվել են նաեւ կրթությանը, համայնքային կյանքի զարգացմանն ու այլ ոլորտներին առնչվող հարցեր:
Մարզպետն այցելել է նաեւ քաղաքապետարանում գործող Քաղաքացիների սպասարկման գրասենյակ, ծանոթացել աշխատանքների ծավալին եւ մատուցվող ծառայություններին: