Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը եւ Աժ պատգամավոր Վանիկ Օհանյանն ճանաչողական այցով Վանաձորի բժշկական կենտրոնում էին: Նրանց ուղեկցում էին Լոռու մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Պողոսյանը, առողջապահության բաժնի պետ Լուսինե Վարդանյանը: Ներկաները խոսեցին ոլորտի խնդիրներից, առաջնահերթություններից:
Մարզի ղեկավարը, շրջելով բաժանմունքներով, զրուցեց եւ՛ հիվանդների, եւ՛ բուժանձնակազմի հետ, հետաքրքրվեց ծառայությունների որակով, առկա բուժտեխնիկայով եւ բուժհաստատության կադրային հագեցվածությամբ: Նա եղավ նաեւ արյան փոխներարկման եւ շտապօգնության կայաններում:
«Վստահ եմ՝ձեզնից յուրաքանչյուրն իր գործի պրոֆեսիոնալն է: Համավարակով եւ պատերազմով պայմանավորված դժվարին իրավիճակում դուք դա ապացուցել եք ձեր ամենօրյա տքնաջան աշխատանքով:Վստահ եղեք՝ որպես կառավարության ներկայացուցիչ՝ պատրաստ եմ բոլո՛ր ջանքերը ներդնել բուժհատատությանն օգտակար լինելու նպատակով»,-ասաց մարզի ղեկավարը:
Նա կարեւորեց բուժծառայությունների որակի բարելավումը, ստվերային դրամաշրջանառության բացառումը, գործընկերային ջերմ մթնոլորտը, հիվանդների նկատմամբ սրտացավ վերաբերմունքը:
Առողջապահական խնդիրները կշարունակեն մնալ մարզի ղեկավարի ուշադրության կենտրոնում: