Կարծում եմ Սյունիքում չունենք անլուծելի խնդիր. 1.am-ին տված հարցազրույցում այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Մասնավորապես, պատասխանելով հարցին, թե Սյունիքում մենք անլուծելի խնդիր ունե՞նք, ՀՀ վարչապետն արձագանքել է. «Ի՞նչ իմաստով»:
Ապա, ի պատասխան լրագրողի դիտարկման, որ խոսքը վերաբերում է սահմանին, բնակավայրերին, հակառակորդի կամ հարեւանի հետ շփման գծին, վարչապետը շարունակել է. «Կարծում եմ, որ ո՛չ, մենք չունենք անլուծելի խնդիր: Սա չի նշանակում, որ չունենք խնդիրներ: Բայց կարծում եմ, որ Սյունիքում անվտանգային որոշակի երաշխիքների համակարգ գործում է: Պարզ է, որ միջավայրը փոխվել է, եւ այդ փոխված միջավայրի բերումով արդեն կան որոշակի լարումներ: Բայց համոզված եմ, որ այդ լարումները ժամանակի ընթացքում կմեղմվեն, մանավանդ, որ մտադիր ենք լայնածավալ սոցիալ-տնտեսական ենթակառուցվածքային ծրագրեր իրականացնել Սյունիքում: Եվ ընդհանուր առմամբ, մեր խնդիրն է՝ այսօր Հայաստանի եւ Արցախի շուրջ հնարավորինս բարենպաստ միջավայր ձեւավորել եւ ձեւակերպել: Եվ դա այն ամենօրյա խնդիրն է, որի վրա աշխատում ենք»:
Հարցին՝ Սյունիքի կապակցությամբ անհանգստության հետ կապ ո՞ւնի ապաշրջափակման գործընթացը, Փաշինյանը պատասխանել է, որ ընդհանրապես ցանկացած միջավայրի փոփոխություն անխուսափելիորեն բերում է որոշակի մտահոգությունների եւ անհանգստությունների:
«Ինչ վերաբերում է կոմունիկացիաների բացման թեմային, կարծում եմ, որ այդ խնդրի կառուցողական եւ փոխշահավետ լուծումն այն գործոններից է, որը մեր տարածաշրջանին կարող է բերել երկարատեւ եւ կայուն խաղաղություն: Եվ բացի երկարատեւ եւ կայուն խաղաղությունից, բերել նաեւ որոշակի տնտեսական օգուտներ, փոխել մեր տարածաշրջանի ու նաեւ Հայաստանի տնտեսական դիմագիծը, պոտենցիալը, ինչն ամենեւին չի նշանակում, որ այդտեղ չկան մարտահրավերներ, որոնք պետք է կառավարվեն: Ընդհանրապես, ամեն ինչն ունի մարտահրավերներ, բայց դարձյալ ռազմավարական ընտրության հարց է: Եվ կարծում եմ, որ կոմունիկացիաները թերեւս այն անոթներն են, որոնք մեզ կապում են տարածաշրջանին եւ տարածաշրջանը կապում են մեզ, տարածաշրջանը կարեւոր են դարձնում մեզ համար, եւ մեզ կարեւոր են դարձնում տարածաշրջանի համար: Եվ մենք այս օրակարգը պիտի ձեւակերպենք, պիտի հասկանանք միջավայրային այս փոփոխություններից այն սպառնալիքները, որոնք կարող են բխել, մարտահրավերները, եւ ձեւակերպենք այն մեթոդները, որոնցով պետք է կառավարենք դրանք»,- նկատել է վարչապետը: