Վանաձորի «Հայփոստի» մասնաշենքում, օրերս, հանդիսավորությամբ բացվեց Հանրային ծառայությունների միասնական գրասենյակը՝ Քաղաքացիական կենտրոնը։
Այսպիսով Վանաձորում եւս իրականություն է դարձավ «Բազմաթիվ ծառայություններ՝ մեկ վայրում» նախաձեռնությունը։ Բնակիչներն այլեւս անհրաժեշտություն չեն ունենա մի պետական կառույցից մյուսը գնալ, եթե գործ ունեն դրանցից մի քանիսի հետ:
Բացման արարողությանը ներկա էին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Ազգային ժողովի նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանը, ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, «ՀայՓոստ» ընկերության տնօրեն Հայկ Կարապետյանը Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը եւ այլոք։ Վերջիններս շրջայց կատարեցին կենտրոնում, ծանոթացան պայմաններին եւ մատուցվող ծառայություններին։
Քաղաքացիական կենտրոնը Լոռու մարզի բնակիչներին հնարավորություն կտա մեկ վայրում ստանալ հետեւյալ ծառայությունները՝ ՀՀ արդարադատության նախարարության Հարկադիր կատարումն ապահովող ծառայության, Ազգային արխիվի, Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի, Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության, ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի, ՀՀ կադաստրի կոմիտեի ոլորտներում։
Այս նոր մոդելը միտված է քաղաքացու գործը հեշտացնելուն եւ որ շատ կարեւոր է՝ ուղղված է կոռուպցիոն ռիսկերի դեմ, երբ դիմում ընդունող ու մասնագիտական խորհրդատվություն տրամադրող ծառայողները պետք է բացարձակ անկախ ու տարանջատված լինեն որոշում կայացնողներից:
Քաղաքացիական կենտրոններում այս պահին ներկայացված է 110 ծառայություն: Ծրագրվում է հետագայում լրացնել ցանկը:
ՀՀ արդարադատության նախարարությունը «ՀայՓոստ» ՓԲԸ-ի հետ համագործակցությամբ իր ենթակառուցվածքով գրեթե ամենատարածվածն է ՀՀ տարածքում, ունի մոտավորապես 850 տարածքային բաժանմունք, որոնց միջոցով հնարավոր կլինի ամբողջությամբ ապահովել հասանելիությունը բոլոր բնակավայրերի համար:
ՀՀ արդարադատության նախարարության եւ «ՀայՓոստ» ընկերության համագործակցության ամրապնդման նպատակով կողմերի միջեւ ստորագրվեց համագործակցության հուշագիր։
Լրատվամիջոցներին տրված հարցազրույցում մարզպետ Արամ Խաչատրյանը նշեց, որ քայլառ քայլ, պետության կողմից որդեգրված քաղաքականությանը համահունչ, կյանքի են կոչվում քաղաքացիների առօրյան, հոգսերն ավելի թեթեւացնելուն ուղղված կարեւոր ծրագրեր։
«Մեզ համար շատ կարեւոր է նաեւ, որ հընթացս, ըստ անհրաժեշտության, նոր աշխատատեղեր բացվելու հնարավորություն եւս կընձեռվի»,-ասաց Ա․ Խաչատրյանը։




