Նիկոլ Փաշինյանն փետրվարի 25-ին Հանրապետության հրապարակում հավաքված իր աջակից քաղաքացիների առջեւ երկու անգամ հայտարարեց, որ ինքն առաջարկում է քաղաքական ուժերին՝ գնալ արտահերթ ընտրությունների։ Սակայն քաղաքացիները բացասաբար արձագանքեցին նրա այս առաջարկին։ «Այսինքն՝ դե՞մ եք ընտրություններին դուք, ժողովուրդ»,- դիմելով հավաքված քաղաքացիներին՝ հարցրեք Փաշինյանը։
Քաղաքացիները վանկարկեցին՝ այո, այո։
«Բա հիմա էս հարցը ո՞նց լուծենք, ուրիշ հրապարակում էլ մեր եղբայրները պահանջում են հրաժարական։ Կա՛մ իրանք մեզ պետք ա համոզեն, կա՛մ մենք՝ իրանց։ Հիմա սենց ո՞նց կլինի»,- տարակուսեց Փաշինյանը։
Այնուհետեւ նա անդրադարձավ իր հրաժարականը պահանջող քաղաքացիներին, որոնք նույն պահին միտինգ են անում Ազատության հրապարակում արդեն իր դեմ։
«Մենք Հայաստանում թշնամի չունենք, հակառակորդ չունենք, եկեք սա պայմանավորվենք, հա՞, բոլորը մեր եղբայրներն են ու քույրերն են։ Չի լինելու։ Ոմանք ուզում են բախում հրահրեն, չի լինելու ոչ մի բախում։ Ես այ էն հրապարակում հավաքված ժողովրդի ցավը տանեմ, ձեր ցավն էլ տանեմ, իրանց ցավն էլ տանեմ, իրանք, ոչինչ, թող ինձ համարեն դավաճան, Հայաստանը ժողովրդավարական երկիր ա, եւ ժողովրդի կամքը պետք ա կատարվի։ Իշխանության փոփոխություն պետք ա տեղի ունենա միայն ընտրությամբ, արտահերթ, թե հերթական, էդ արդեն իրար հետ կորոշենք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։