Գեղարքունիքի մարզում 2021 թվականի ամառային հերթական զորակոչը կատարվել է ՀՀ ՊՆ Զ եւ ԶՀԾ Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման Գավառի բաժանմունքից:
Զորակոչի արարողությանը ներկա են եղել Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը, մարզի ուժային կառույցների ղեկավարներ, հոգեւոր դասի ներկայացուցիչներ, նորակոչիկների ծնողներ եւ հարազատներ:
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը նորակոչիկներին մաղթել է անփորձանք ծառայություն եւ բարի վերադարձ հայրենի օջախներ:
«Մեր տղաները մեկնում են ծառայության՝ նոր շունչ, նոր ուժ եւ նոր լիցքեր հաղորդելու Հայոց բանակին:
Սիրելի՛ նորակոչիկներ, բանակում ձեզ են սպասում ձեր նոր ընկերները:
Հայոց բանակը շատ փորձությունների միջով է անցել, եւ դուք ձեր ծառայակից ընկերների հետ միասին պետք է ձեռք-ձեռքի տված հզորացնեք այն, ձեր ընկերների հետ աջակից լինեք մեր պետության, Հայոց սահմանների պաշտպանության գործին:
Ձեր ծնողների եւ մեր բոլորի աղոթքներն ու բարեմաղթանքները ձեզ:
Խաղաղ ծառայություն եւ բարի վերադարձ»,- նշել է Գնել Սանոսյանը:
Օրհնության կարգ է կատարել Գեղարքունյաց թեմի հոգեւոր հովիվ տեր Նշան քահանա Սարգսյանը:
«Մենք պարտավոր ենք աղոթք բարձրացնել առ Աստված այն տղաների համար, ովքեր վաղը կամ մյուս օրը կհամալրեն մեր զինվորների շարքերը: Մենք ուզում ենք, ինչպես որ այս ուրախության հնչյունների ներքո մեկնում եք ծառայության, նույն տրամադրությամբ էլ ձեզ դիմավորել: Բարի երթ եւ խաղաղ ծառայություն, սիրելի՛ նորակոչիկներ»,- նշել է տեր Նշան քահանա Սարգսյանը:
Զորակոչը մարզում կշարունակվի մինչեւ 2021 թվականի օգոստոս ամիսը:




